ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում և հավելել՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում էլ շարունակում է սերտ համագործակցությունը պետության հետ՝ հանուն հայ ժողովրդի բարօրության:
Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ բազում հարցեր են ծառացած մեր ժողովրդի և պետության առջև, և այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում մեծապես կարևոր է Ազգային ժողովի օրենսդրական առաքելությունը: Այս առումով Ամենայն հայոց հայրապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Ազգային ժողովի նախագահին և պատգամավորներին: Նա հավելել է, որ Հայ առաքելական եկեղեցին անկախությունից ի վեր սերտորեն գործակցել է Ազգային ժողովի հետ և այդ գործակցությունը նաև իր դրական արդյունքն է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակման գործում:
Արարատ Միրզոյանը և Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: Վեհափառը վերահաստատել է, որ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքերը՝ մեր հայրենիքի զորացման, պետության ամրացման և մեր ժողովրդի երջանիկ, խաղաղ, ապահով կյանքի կերտման համար:
Խորհրդարանի ղեկավարն իր հերթին շեշտել է, որ Ազգային ժողովի գործունեության հիմնական առանցքը մեր պետականության և ազգի հավերժության ապահովումն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







