Ամուլսարի հետ կապված մի քանի գործընթաց կա տարբեր մարմիններում, մասնավորապես՝ քննչական մարմիններում գործեր են քննվել դեռևս 2019 թվականից: Դրանով է պայմանավորված Կառավարության կողմից որոշումների կայացման զգուշավորությունը, քանի որ ցանկացած որոշում կարող է որոշակի իրավական հետևանքներ ունենալ ոչ այնքան քաղաքական թիմի , որքան ՀՀ միջազգային վարկանիշի համատեքսում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Որոշումների կայացման փուլում ենք, ունեցել ենք խորհրդատվություն տվյալ թեմայի վերաբերյալ: Այս հարցը Կառավարության ուշադրության կենտրոնում է և հավաստիացնում եմ, որ Կառավարությունը կոնկրետ գործողություններ է ձեռնարկում, այդ թվում՝ նաև իրավական դաշտը կարգավորելու համար»,- ասաց Աղաջանյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ տեսչական մարմինների համակարգման գրասենյակն օրենքների փաթեթ է ներկայացրել Ազգային Ժողով, որով կոնկրետ ընդերքի ոլորտին վերաբերող բավական մեծ կարգավորումներ են առաջարկվում, որը տեսչական մարմիններին կտա հստակ հիմքեր՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու՝ կոնկրետ իրավիճակներից ելնելով, որի հնարավորությունը ներկայիս գործող օրենսդրությամբ տեսչական մարմինները չունեն»,– ասաց նա:
Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, կոնկրետ գործողություններ է իրականացնում և մոտ ժամանակներս ինչ-որ պատկերացումներ կլինեն, և դրանք կներկայացվեն հանրությանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Կառավարությունը մտահոգված է, որ կտրուկ հայտարարությունը կբերի դիմադրության, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, թե Կառավարությանը միայն մտահոգում են ՀՀ շահերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







