Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է երեկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարությանը, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ սահմանափակումների մեղմացումները կազդեն արտագնա աշխատանքի մեկնողների վրա, սակայն հրաժարվել է իր խոստումից։
Հունանյանը նշել է, որ արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ սահմանափակումների մեղմացում չէր կարող լինել զուտ այն պատճառով, որ այս ոլորտում Հայաստանի կողմից սահմանափակում չէր սահմանվել:
«Անհնար է մեղմել գոյություն չունեցող սահմանափակումը: Իսկ արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության՝ երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը:
Ինչպես հենց պարոն Մարուքյանի տարածած տեսանյութում է երևում, փոխվարչապետն ասում է, որ օգոստոսի 12-ին կհայտարարենք լուծումների մասին։
Լուծումների մասին երեկ Տիգրան Ավինյանը հենց ԱԺ ամբիոնից հստակ ու մի քանի անգամ հայտարարեց։ Փոխվարչապետն ասաց, որ քննարկումներ են սկսվել Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգման ժամկետների ու պայմանների վերաբերյալ, որի շրջանակներում էլ կհասցեագրվեն նաև արտագնա աշխատանքի մեկնողների հարցերը»,- նշել է նա։
Հունանյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Համաճարակաբանական վիճակի կառավարման քաղաքականության շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումների կայացումը յուրաքանչյուր երկրի սուրվերեն դաշտում է, և պայմանավորված չէ այլ երկրում արտակարգ դրության հայտարարմամբ կամ այդ դրության երկարաձգմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







