Հուլիսի 23-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Կողմերը տեսակետներ են փոխանակել Անդրկովկասի ներկա դրության շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության էսկալացիայի հետ կապված ռուսական կողմը շեշտել է հավասարակշռված մոտեցումների և հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա զսպող ազդեցության անհրաժեշությունը՝ իրավիճակի հետագա սրացումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգությունն ապահովելու և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման նպատակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը՝ տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







