ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 23-ին, տեղի ունեցած նիստում որոշեց 2020 թվականի հուլիսին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացնել 25 մլն դրամ։
Նշվում է, որ հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը կառավարությունն առաջարկում է հատկացնել հրատապության կարգով:
Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում։ Աշխատանքներին ներգրավելով տեղի շինարարական հնարավորությունները՝ ներառյալ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին։ Այս պահի դրությամբ արձանագրված դեպքերի ցուցակը կցվում է։
Կառավարությունն առաջարկում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր դեր կունենա, մինչև ամբողջական գնահատում կկատարվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







