ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցած նիստում որոշեց թույլատրել ՀՀ ոստիկանությանը ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով՝ երկու փուլով:
Առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը հանձնված գույքը` Դավթաշենի 2-րդ թաղամաս 62/26՝ ընդհանուր 498 ք.մ. և Ծովակալ Իսակովի 25՝ ընդհանուր 670.9 ք.մ. հասցեներում գտնվող տարածքները, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը։
Ներկայումս սննդի կազմակերպման գործող ձևաչափի պարագայում հաճախակի են դարձել խնդիրները, որոնք պայմանավորված են սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով: Մասնավորապես, ոստիկանության զորքերը կազմակերպում են սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չեն կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն:
Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը սակայն երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի: Խնդիրներ են առաջանում նաև սննդի պատրաստման գործընթացում՝ կապված ձեռք բերվող սննդամթերքի և պատրաստվող սննդի որակի հետ: Մեկ այլ խնդիր է նաև ոստիկանության զորքերի ձեռք բերված սննդամթերքի ընդունման և բաշխման շղթան՝ իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով:
Որպես խնդրի ճիշտ լուծում, ուսումնասիրելով նաև տվյալ ոլորտում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության դրական փորձը, նախատեսվում է կոնսոլիդացնել նշված առանձին օղակները, որը հնարավոր է միայն պարենավորման կազմակերպումը մասնավոր անձին պատվիրակելու միջոցով:
Նախագծի ընդունման նպատակն է զինծառայողների սննդի պատշաճ ապահովումն ինչպես ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի ճաշարաններում, այնպես էլ ՀՀ տարածաշրջանում զորավարժությունների և երթերի ընթացքում, ինչպես նաև զանգվածային միջոցառումների վայրերում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







