Կառավարությունը կմշակի օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կտա դրանով նախատեսվող գործիքակազմը կիրառել արտակարգ իրավիճակի ռեժիմով՝ առանց արտակարգ դրության ժամկետը երկարացնելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշման ընդունմանը:
«Բացի արտակարգ դրության ռեժիմից, օրենսդրությունում այլ արդյունավետ գործիքակազմ չունենք, և եթե չերկարացնենք, ապա հակահամաճարակային միջոցառումների համակարգը դե յուրե իր ուժը կորցրած կլինի: Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չէ, և պետք էլ չէ: Որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմով, որն ավելի թեթև կլինի»,- ասաց վարչապետը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտնեց, որ արտակարգ դրության ռեժիմը երակարաձգող նախագծում հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը։
«Մասնավորապես սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, հասցեատիրոջ պահանջով, ենթակա է նաև գրավոր ձևակերպման: Նախատեսվել է բացառություն ինքնամեկուսացման կարգի խախտման դեպքում, երբ անձը ցուցումներին համապատասխան այցելում է բուժհաստատություններ՝ ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով»,- ասաց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







