Խորհրդարանում ՀՀ 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ անվտանգության մասով երկրի արդյունքներին և ափսոսանք հայտնեց, որ դահլիճում չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ովքեր հայտարարում են, որ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի:
«Վերջին ժամանակներս սկսեցին հայտնվել բայղուշներ և անել բայղուշություններ: Առաջին մեծ բայղուշությունն արեց համազգային փեսան, երբ իր սերիալներից մեկում անդրադարձ կատարեց անվտանգության ոլորտին և բանակի վերջին ձեռքբերումներին: Ընդ որում՝ արեց շատ վատ եղանակով և վտանգեց մեր երկիրը: Դրանից առաջ ի հայտ եկան հայտնի փորձագետներ, ժամանակին բավականին ազդեցիկ դեմքեր, մեգատնտեսագետներ, մեգափորձագետ Հաագայի դատարանի մասին և իրենց ելույթներով կրկին վտանգեցին մեր երկրի անվտանգությունը:
Հասանք նույնիսկ նրան, որ պատերազմող երկրի հակառակորդին հուշեցին, որ կարող են սկսել հարձակումներ: Դուք ըստ էության պատերազմ եք հայտարարում մեր ժողովրդին, բայց այդ պատերազմը դուք արդեն պարտվել եք, որովհետև այսօրվա մեր երկրի անվտանգությունն ապահովում է այն լեգիտիմ մեծամասնությունը, որի քվեն արդեն երկրորդ անգամ ցույց տվեց՝ մեր երկիրը գտնվում է քաղաքական լուրջ, անվտանգային կայուն հիմքերի վրա»,- նշեց Քոչարյանը:
Պատգամավորը նշեց, որ պաշտպանության նախարարությունը քանակական և որակական ցուցանիշներով ոչ միայն լուծել է իր առջև դրված խնդիրը, այլև ունեն ձեռքբերումներ, որը նույնիսկ նկատել է հակառակորդի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ առաջնագծում որևէ գործողություն անել չեն կարողանում, քանի որ «մենք ունենք ինժեներական, տեխնիկական տարբերվող սարքավորումներ»:
«Բանակի մասով շատ է խոսվում՝ սննդի համակարգն արժե՞ր ներդնել, թե՞ ոչ: Միանշանակ արժեր, որովհետև դա լուծեց հոգեբանական կարևոր խնդիր»,- նշեց պատգամավորը:
Պատգամավորի խոսքով՝ այսօր նաև կառավարությունը 19 թվականի բյուջեի կատարողականի մասով անվտանգությանը վերաբերվող ամբողջ համակարգում ունի ձեռքբերումներ, Ոստիկանությունում կան ռեֆորմների հստակ օրակարգ և արդեն հաստատված օրենսդրական ընթացք` այդ ռեֆորմները իրականություն դարձնելու առումով:
«2019 թվականն իրոք եղել է հաջող տարի, դա հիմք է տալիս ասելու, որ մենք իրոք կհաղթահարենք դժվարությունները և բայղուշության փոխարեն պետք է պարզապես մեր երկրին, մեր կառավարությանը մաղթենք հաջողություն՝ այս խնդիրները լուծելու: Լավ հիմք էին 2019 թվականի ձեռքբերումները, լավ հիմք էր 20 թվականը` նույնիսկ տնտեսական բարձր ցուցանիշներ ցույց չտալու պայմաններում էլ պլանավորել անվտանգ ընթացք»,- ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







