Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, վարչապետը նշել է, որ այս տոնն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքական, սոցիալ-տնտեսական նվաճումների, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման հետ:
«Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ամրապնդվում և ընդլայնվում է համագործակցությունը հայ-ռուսական փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում:
Բարեկամության և վստահության դարավոր պատմությունը, մեր ժողովուրդների ամուր եղբայրական կապերը կառուցողական համագործակցության և փոխադարձ աջակցության ամուր հիմք են ոչ միայն երկկողմանի մակարդակում, այլև՝ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- նշել է վարչապետը։:
Փաշինյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում մեր երկրները կկարողանան հաղթահարել աննախադեպ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ կապված ժամանակավոր դժվարությունները, և կկարողանանք վերականգնել ավանդական սերտ շփումները:
Նա ՌԴ նախագահին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
Վարչապետ Փաշինյանի՝ ՌԴ կառավարության ղեկավարին ուղղված ուղերձում նշված է, որ այս տոնական օրն արտացոլում է Ռուսաստանի պետականության հազարամյա պատմությունը, երկրի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը, հետևողական ստեղծագործական աշխատանքը՝ ուղղված երկրի զարգացմանը և բարգավաճմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանը:
«Մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն արտացոլված են միջազգային հարթակներում և, հատկապես, Եվրասիական տնտեսական միության շրջանակում կառուցողական և փոխշահավետ ռազմավարական գործընկերության մեջ:Գոհունակությամբ կարելի է արձանագրել մեր երկրների միջև հետևողականորեն ամրապնդվող փոխգործակցությունը՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում»:
Վարչապետը հույս է հատնել, որաշխարհում համաճարակաբանական իրավիճակը կկարգավորվի, ինչը թույլ կտա լիարժեք վերսկսել սերտ կապերը` նոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







