Այսօր պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հաստատված արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս 1 ամսով:
«Վաղը տեղի կունենա արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայացնենք արտակագ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ, արտակարգ դրությունը կերկարացվի ևս 1 ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով արտակարգ դրություն էինք սահմանել, վերացված չեն»,-ասաց վարչապետը:
Նա տեղեկացրեց, որ տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկեն արածի, չարածի և անելիքների մանրամասները:
Փաշինյանի խոսքով՝ անցած օրը Հայաստանում գրանցված կորոնավիրուսի 566 դեպքը ցույց է տալիս, թե մենք 7-14 օր առաջ ինչպես ենք պահպանել հակահամաճարակային կանոնները ՀՀ-ում:
«Այսօր մեր կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը արդյունքների է բերում 7-14 օր հետո, որովհետև հիվանդության ինկուբացիոն շրջանը 7-14 օր է»,-ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ անցած օրը արձանագրված դեպքերի մեծ թիվը ցույց է տալիս, որ առնվազն 7-14 օր առաջ պատշաճ մակարդակով չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները:
«Այո, ինչքան էլ դժվար, ինչքան էլ դաժան, համավարակի կառավարումը գտնվում է մեզնից յուրաքանչյուրի ձեռքերում և կարող ենք այս խնդիրը լուծել»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հույս հայտնեց, որ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







