Ցավոք սրտի, Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսը շարունակում է մնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը: Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ռազմավարությունն է անըդհատ խստացնել և ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը հանրության շրջանում: Մենք դա դիտում ենք կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոց»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց. որ այսօրվա 100 տոկոսանոց կարգապահությունը իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո:
«Այսինքն՝ այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը»,-ասաց Փաշինյանը:
Նա ևս մեկ անգամ կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները.
«Փորձը ցույց է տալիս, որ այս կանոների պահպանումը բերում է գրեթե 100 տոկոսանոց արդյունքի»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ վարակման դեպքերի 95%-ը դիմակ չկրելու, ձեռքերը չախտահանելու. սոցիալական հեռավորությունը չպահպանելու հետևանք է:
Կառավարության նիստի ընթացքում վարչապետը ուշադրությունը հրավիրեց հուղարկավորությունների ու հոգեհանգիստների ժամանակ պարետատան սահմանած կանոնների խախտման դեպքերին: Վարչապետի խոսքով՝ այստեղ կարևոր դեր ունեն տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ամեն կոնկրետ դեպքում պետք է կարողանան հաղորդակցության մեջ մտնել քաղաքացիների հետ՝ նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը և կանոնների պահպանման անհրաժեշտությունը:
Փաշինյանը նշեց, որ կա դինամիկա, բայց դա ոչ միայն վարչական միջոցների, այլև քաղաքացիների հետ հետևողական աշխատանքի արդյունք է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







