«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Հայաստանի ազգային ժողովում առաջարկել է ստեղծել բանակում մահվան դեպքերն ու Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հարձակումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նախաձեռնությամբ հանդես է եկել խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ ԱԺ նիստն ուղիղ հեռարձակել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Աբրահամյանը հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ վերջին ամիսներին բանակում շատացել են ինքնասպանության դեպքերը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի աջակցի նախաձեռնությանը, հայտարարել է խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։ Նրա խոսքով՝ այդ դեպքերով զբաղվում են իրավասու մարմինները, ուստի խորհրդարանում առանձին քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն, իր հերթին, հայտարարել է, որ Շաքիում հարձակման դեպքից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տար։ Նրա խոսքով՝ իշխող խմբակցության կողմից հանձնաժողով ստեղծելու առաջարկին չաջակցելը կնշանակի, որ իշխանությունները կա՛մ թաքցնում են տեղի ունեցողը, կա՛մ չեն փորձում պարզել խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան պատճառները։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է, որ Աբրահամյանը կարող էր առաջարկի մասին իրեն հեռախոսով տեղեկացնել։ Աբրահամյանը պատասխանել է, որ դիմում է ոչ միայն Ռուբինյանին, այլև հանրությանը։
«Տեղեկացնում ենք նաև մեր հայրենակիցներին, որովհետև նրանք պետք է իմանան՝ արդյոք ձեր Պաշտպանության նախարարը ֆե՞յք է, թե՞ ոչ»,- հավելել է նա։
Ռուբինյանը հակադարձել է, որ Պաշտպանության նախարարին նշանակել է խորհրդարանական մեծամասնության ընտրած վարչապետը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններում ստացել է իշխանություն իրականացնելու մանդատ։ Նրա խոսքով՝ այդ պատճառով Պաշտպանության նախարարին «ֆեյք» անվանել չի կարելի։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը Ռուբինյանին կոչ է արել քաղաքական գնահատական տալ Շաքիում տեղի ունեցած հարձակմանը։ Նա ընդգծել է, որ խոսքը ոչ միայն սահմանն ապօրինի հատելու, այլև զինված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի՝ հայ ընտանիքի վրա հարձակվելու մասին է, որի հետևանքով տուժել են կինն ու երեխաները։ Ղահրամանյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը խաթարում է խաղաղության գործընթացը։
Ռուբինյանն ադրբեջանցի զինծառայողի գործողությունները հանցագործություն է անվանել և հիշեցրել, որ նրան ձերբակալել են ու մեղադրանք առաջադրել։ ԱԺ նախագահի խոսքով՝ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել էր իր զինծառայողի անհետացման և Հայաստանի սահմանը հնարավոր հատելու մասին։
Նա ընդունել է, որ նման դեպքերը կարող են բացասաբար ազդել խաղաղության գործընթացի ընկալման վրա։ Միաժամանակ՝ Ռուբինյանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ Ադրբեջանը հայկական կողմին տեղեկացրել է զինծառայողի անհետացման մասին։ Նրա խոսքով՝ առանց խաղաղության գործընթացի երկրների միջև նման տեղեկատվության փոխանակում չէր լինի։
Ռուբինյանը նաև ընդգծել է, որ հանցագործությունը կատարել է կոնկրետ զինծառայող, որը, ըստ ամենայնի, խախտել է նաև Ադրբեջանի օրենսդրությունը՝ ինքնակամ լքելով ծառայության վայրը։ Նա հավելել է, որ նախկինում երկու երկրի զինծառայողներ հայտնվել են միմյանց տարածքում, սակայն կողմերի փոխգործակցության շնորհիվ նրանց գտել և վերադարձրել են՝ առանց միջադեպերի։
«Հայաստան» խմբակցությունը ևս կաջակցի քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, հայտարարել է խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ բանակում ստեղծված բարոյահոգեբանական և անվտանգային իրավիճակը, որի հետևանք են սպանությունները, ինքնասպանություններն ու անզգուշությամբ մահվան դեպքերը, պետք է քաղաքական և մասնագիտական գնահատականի արժանանա։
Խաչատրյանը նշել է, որ Շաքիում հարձակումը ևս պետք է մանրամասն ուսումնասիրվի։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողի սահմանահատումից հետո պետք է գնահատել ոչ միայն բանակի և Պաշտպանության նախարարության, այլև Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության գործողությունները։
Armenia Today-ի նախնական հաշվարկով՝ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 6-ը լրատվական գործակալությունը հայտնել էր առնվազն 15 զինծառայողի մահվան առանձին դեպքի մասին։ Դրանցից մեկը տեղի էր ունեցել 2025 թվականին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2025 թվականին զոհվել էր 30 զինծառայող, որոնցից 6-ը՝ ծառայության հետ կապված, 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում։
Ադրբեջանցի զինծառայող Մուսաևը հոկտեմբերի 1-ին ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը, մուտք գործել Շաքի գյուղի տներից մեկը և կրակել 39-ամյա բնակչուհու ոտքին՝ նրա երեք երեխայի ներկայությամբ։
Երեխաներից երկուսը մարմնական վնասվածքներ էին ստացել։ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել։ Դատարանը Մուսաևին երկու ամսով կալանավորել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել հինգ հոդվածով։
Ադրբեջանի իրավապահ մարմինների տվյալներով՝ Մուսաևն անհետացել էր սեպտեմբերի 26-ին։ Միաժամանակ՝ պարզ չէ, թե նա ե՞րբ է հատել Հայաստանի սահմանը և որքա՞ն ժամանակ է գտնվել Հայաստանի տարածքում՝ մինչև Շաքիում հարձակումը։
Կարդացեք նաև՝
«Ոչ մի բարի կամքի դրսևորում». ԱԱԾ-ից պահանջել են փոխանակել ձերբակալված ադրբեջանցուն
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






