Ռուսաստանում հայկական բիզնեսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել, Hayeli.am-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ես կարող եմ ձեզ վստահ ասել՝ Փաշինյանի կառավարման այս տարիներին հայկական բիզնեսը միայն Ռուսաստանում տասնյակ միլիարդ դոլարների վնաս է ունեցել և կարող է՝ է՛լ ավելի շատ»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այլ երկրներում հայկական բիզնեսի հնարավորությունների վրա անմիջականորեն ազդում են Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ու վարքագիծը։
«Ապրելով Սփյուռքում՝ ես միշտ հասկացել եմ՝ Հայաստանի իշխանությունների ցանկացած հիմար հայտարարությունից ինչքան ենք տուժում այնտեղ»,- ասել է նա։
Որպես օրինակ՝ Կարապետյանը նշել է Կրասնոդարի երկրամասում հայ գործարարների վիճակը՝ առաջարկելով ուսումնասիրել միայն այդ տարածաշրջանում վերջին տարիներին նրանց կրած վնասները։
«Դուք կարող եք որպես լրագրող ուսումնասիրել Կրասնոդարի երկրամասի հայ բիզնեսմենների վիճակը։ Միայն մեկ մարզ վերցրեք ու կհասկանաք՝ ինչքան վնաս ունեցան մեր բիզնեսմենները։ Եթե այնտեղ ամեն օր արդեն բարձր մակարդակներով հայերի մասին հայտարարություններ են արվում, դա, առաջին հերթին, ընդունում են այդ մարզերի իշխանությունները»,- հայտարարել է Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը մեծապես ապրում էր Ռուսաստանից ստացվող դրամական միջոցների հաշվին, որոնք, նրա գնահատմամբ, հասնում էին տարեկան մոտ 3,8-4 մլրդ-ի և ուղիղ մտնում էին տնտեսություն։
«Հիմա օրենքներ են ընդունում ու սահմանափակում են այդ գումարների տեղափոխումը»,- ասել է նա։
Նա, միաժամանակ, գերագնահատված է համարել ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների ազդեցությունը Ռուսաստանի քաղաքականության վրա։ Կարապետյանի խոսքով՝ Ռուսաստանը մեծ շուկա և բիզնեսի համար լայն հնարավորություններ ունեցող երկիր է, որտեղ օրենքի սահմաններում աշխատող գործարարները կարող են հաջողության հասնել։
«Հայ ժողովրդի նկատմամբ տարիներ շարունակ Ռուսաստանում առանձնահատուկ վերաբերմունք կար, ինչը, իմ տեսածով, վերջին տարիներին շատ մեծ հաջողությամբ ոչնչացվում է»,- ասել է նա։
Կարապետյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն Ռուսաստանի հետ առկա տնտեսական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։
Նրա գնահատմամբ՝ դրանց պահպանումը վնաս է հասցնում Հայաստանի բյուջեին, գյուղացիներին և մյուս տնտեսվարողներին և կարող է շղթայական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։
Ռուսաստանը մայիսի 22-ից փուլ առ փուլ սահմանափակումներ էր կիրառում հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկան, կաթնամթերքի և ալկոհոլային արտադրանքի։ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ սկզբունքներին։
Առևտրային սահմանափակումների ֆոնին՝ Մոսկվան նաև կոչ էր արել Երևանին կողմնորոշվել ԵԱՏՄ-ում հետագա անդամակցության և ԵՄ-ին անդամակցելու քաղաքականության միջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







