Ռուսաստանից հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումների ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերներին հարցեր ունի։
Կառավարության հունիսի 25-ի նիստում նա նշել է, որ ԵԱՏՄ ձևաչափում պարզելու է, թե արդյոք Միության որևէ անդամ երկիր կարո՞ղ է միակողմանի որոշումներով սահմանափակումներ կիրառել մյուս անդամների նկատմամբ և ակնկալում է հստակ պատասխան։
«Եթե այս հարցի պատասխանն այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք պետք է հետևություններ անենք։ Եթե պատասխանը ոչ է, ապա դրա մասին պետք է հստակ ասվի»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ առաջիկայում այդ հարցը կբարձրացնի գործընկերների հետ:
Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ-ն հիմնված է աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժի սկզբունքի վրա, և եթե այդ սկզբունքներն այլևս չեն գործում, ապա Միությունը պետք է հստակ պարզաբանի իր դիրքորոշումը։ Նա նաև ասել է, որ Հայաստանը շարունակում է ակտիվ աշխատել ԵԱՏՄ շրջանակում և առայժմ տեղի ունեցածը համարում է «թյուրըմբռնում», որը պետք է լուծում ստանա։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավելել է, որ այս ամիս Հայաստանը ծաղկի առաջին՝ փորձնական խմբաքանակներն արտահանել է 16 երկիր՝ շուկաների դիվերսիֆիկացման շրջանակում։ Կառավարությունում կարծում են, որ այդ գործընթացը կօգնի նվազեցնել կախվածությունը մեկ շուկայից և ընդլայնել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։
Financial Times պարբերականը հայտնել էր, որ ՌԴ սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։
Կարդացեք նաև



































