Միացյալ Նահանգները «շատ մոտ է» Իրանի հետ համաձայնագրի կնքմանը, որը երկարաժամկետ հեռանկարում կլուծի Թեհրանի միջուկային ծրագրի հարցը, CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Վաշինգտոնի նպատակն է հասնել այնպիսի գործարքի, որը բխում է ԱՄՆ-ի տնտեսական շահերից և երաշխավորում է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Նա նշել է, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել ինչպես առաջիկա շաբաթվա ընթացքում, այնպես էլ ամիսներ անց՝ ընդհուպ մինչև միջանկյալ ընտրություններ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, որ բանակցությունները մոտենում են ավարտին։ Այնուամենայնիվ, իրավիճակը սրվել էր Հորմուզի նեղուցի մոտ տեղի ունեցած միջադեպի պատճառով, որտեղ, ըստ Թրամփի, իրանական կողմը խոցել էր ամերիկյան Apache ուղղաթիռ։
Ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ փրկվել էր ծովային անօդաչու սարքի միջոցով՝ ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ առաջին նման գործողության ընթացքում, նրանք չէին տուժել։
Վենսը նշել է, որ ամերիկյան վարչակազմը չի ապավինում Թեհրանի հանդեպ վստահությանը, այլ՝ բանակցային սեփական ուժին և համաձայնագրի կատարման վերահսկման խիստ մեխանիզմներին։
Սեպտեմբերի 23-ին Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ Կատարի միջնորդությամբ քննարկումների ժամանակ, ԱՄՆ-ին էր փոխանցել դիվանագիտական գործընթացը վերսկսելու իր պայմանները։
Լրատվամիջացները նաև հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին առանձին բանակցություններ էին անցկացրել միջնորդների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







