ՀՀ քաղաքացիների 58,8%-ը կողմ է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելու միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի՝ սեպտեմբերի 22-24-ը Հայաստանում անցկացրած հեռախոսային հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 1001 մարդ։
Հարցվածների 38,5%-ը միանշանակ կողմ է արտահայտվել հանրաքվեի անցկացմանը, 20,3%-ը՝ ավելի շուտ կողմ։ Հանրաքվեի անցկացմանը դեմ է 34,4%-ը, որից 25,1%-ը՝ միանշանակ, 9,3%-ը՝ ավելի շուտ։ Եվս 6,9%-ը դժվարացել է պատասխանել։
Ըստ հարցման՝ նման հանրաքվեի դեպքում 35,1%-ը կքվեարկեր ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելու օգտին, 29,4%-ը՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պահպանելու օգտին։ 24,7%-ը չէր մասնակցի քվեարկությանը, իսկ 10,9%-ը դժվարացել է պատասխանել։
Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները հարցվածների 52,4%-ը կապել է Հայաստանի ղեկավարության վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձի, իսկ 40,5%-ը՝ Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հետ։ Հարցվածների 5,1%-ը սահմանափակումները բացատրել է հայկական ապրանքների որակի խնդիրներով։
ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ Ազգային ժողովը մարտի 26-ին ընդունել էր գործընթացի մեկնարկի մասին օրենքը։
Մայիսի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ Երևանին կոչ էին արել կողմնորոշվել արտաքին տնտեսական ուղու հարցում՝ հանրաքվե անցկացնելով ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






