ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Հայաստանին Անկախության օրվա առթիվ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նրանց ուղերձները հրապարակել է Հայաստանի կառավարությունը։
«Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- ասված է Պուտինի ուղերձում։
Միշուստինը, իր հերթին, ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։
«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»,- նշել է ՌԴ վարչապետը։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված առանձին շնորհավորական ուղերձում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև երկխոսության պահպանման կարևորությունը։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև համակողմանի փոխգործակցության պահպանումը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին»,- նշել է Լավրովը։
ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նա նշել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կառուցողական խորհրդարանական երկխոսությանը՝ այն համարելով միջպետական հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի մաս։
Մատվիենկոյի խոսքով՝ հայ-ռուսական բազմամյա համագործակցությունը հիմնված է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, համապատասխանում է երկու երկրի ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում տարածաշրջանային ու համաշխարհային կայունության ամրապնդմանը։
Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 35-ամյակը։ 1991 թվականի այս օրը հանրաքվե էր անցկացվել, քաղաքացիների 94.39%-ը «կողմ էր քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալուն և անկախ պետություն ստեղծելուն։
Թարմացված է՝ 21.09.2026 | 16:26
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






