Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հայտարարել է, որ Հայաստանը պետք է ձգտի խաղաղության, սակայն այն չպետք է կառուցի «զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու հաշվին»։
«Մենք հավատում ենք Հայաստանին, որը ձգտում է խաղաղության, բայց այն չի կառուցում զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու հաշվին։ Հավատում ենք Հայաստանին, որը բանակցում է, բայց չի հրաժարվում իր ազգային շահերից ու ինքնությունից»,– ասված է ուղերձում։
Խմբակցությունն ընդգծել է, որ անկախությունը հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու իրավունքն է։
«Ուժեղ Հայաստանը» նաև կարևորել է հայկական հողերի, Սահմանադրության և հայ ինքնության պահպանությունը։ Խմբակցության ուղերձում նշվում է, որ անկախ պետությունը պետք է իր որոշումները կայացնի՝ ելնելով սեփական ազգային շահերից, իսկ Հայաստանի անկախությունը պետք է պաշտպանված լինի ուժեղ բանակով, ամուր պետական ինստիտուտներով և օրենքի գերակայությամբ։
«Ուժեղ Հայաստանը» նաև հայտարարել է, որ երկրի ապագան պետք է մնա ժողովրդի ձեռքերում, իսկ Հայաստանին անհրաժեշտ է պայքարել «ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի» համար։
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության 35-ամյակը։ 1991 թվականի այս օրը հանրաքվեով Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել էր Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







