Ազգային ժողովը 62 կողմ, 30 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունել է կառավարության անդամների երդման նոր տեքստը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ-ում ներկայացրել էր կառավարության անդամների երդման նոր տեքստը՝ ներկայացնելով դրա բովանդակությունն ու փոփոխությունների պատճառները։
Նախարարի խոսքով՝ գործող տեքստն ամբողջությամբ չէր արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության և պետականության ամրապնդման առանցքային սկզբունքները։ Նոր խմբագրությամբ առաջարկվում է ամրագրել, որ կառավարության անդամը պետք է գործի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, ծառայի հանրային շահին, պաշտպանի պետական շահը, նպաստի պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը, ինչպես նաև պատասխանատվություն կրի ներկա և ապագա սերունդների առջև։
Երդման նոր տեքստն առաջարկվում է շարադրել հետևյալ կերպ․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»։
Ընդդիմությունը դեմ է արտահայտվել նախագծին՝ նշելով, որ իշխանություններն իրավունք չունեին երդման տեքստից հանել «հայրենիք», «ազգ» և «ժողովուրդ» եզրույթները։ Ընդդիմադիր պատգամավորները դեմ են քվեարկել նախագծին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






