Ազգային ժողովում ընթանում է չորս մշտական հանձնաժողովների փոխնախագահների ընտրությունը, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը։
ՔՊ-ն Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանին, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում՝ Ալխաս Ղազարյանին, Արտաքին հարաբերությունների՝ Մարիա Կարապետյանին, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի՝ Ծովինար Վարդանյանին։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Սոնա Ղազարյանին, իսկ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում՝ Զարուհի Բաթոյանին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Վաղինակ Վարդանովին, Տնտեսական հարցերի՝ Վրույր Այվազյանին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի՝ Մարիաննա Ղահրամանյանին։
Ավելի ուշ Ղահրամանյանը միաձայն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ընտրվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Նրա օգտին քվեարկել է հանձնաժողովի 5 անդամ, դեմ՝ 3։ Ձեռնպահ ձայներ չեն գրանցվել։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանը» Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Նա այս պաշտոնում խմբակցության երրորդ թեկնածուն էր։ Առաջին նստաշրջանում ԱԺ-ն չէր ընտրել ընդդիմության առաջադրած երկու թեկնածուին՝ Դավիթ Ղազինյանին և Իրինա Յոլյանին։
Թարմացված է՝ 08.09.2026 | 15:39
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






