«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իր կալանքի երկարաձգմանը։ Նա հայտարարել է, որ այլ որոշում չէր սպասում դատարանից, որը սեպտեմբերի 4-ին ևս երկու ամսով երկարաձգել էր իր կալանքը։ Այս մասին ասվում է Facebook-ի նրա էջում հրապարակված հայտարարության մեջ։
«Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է»,- նշել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ իր համար ազատությունը երկրում ինչ-որ բան կառուցելն ու աշխարհում երկրի պատիվը բարձր պահելն է։
«Ազատությունն ինձ համար ընտանիքիս, ընկերներիս ու թիմակիցներիս հետ շփվելն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալը, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։ Իսկ երեկոյան տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների և հետաքրքիր թեմաների մասին զրուցելն է»,- գրել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ այժմ զրկված է այդ հնարավորություններից։ Նա վստահություն է հայտնել, որ գալու է ժամանակը, երբ կկարողանա շարունակել կառուցել, նոր գաղափարներ կյանքի կոչել, պատասխանել օգնության դիմումներին և ավելի հանդարտ պայմաններում մտածել վերջին շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Քաղաքական գործիչը, սակայն, իր անազատության օրերը կորսված չի համարում։ Նրա խոսքով՝ այս ընթացքում շատ է մտածել և ճանաչել բազմաթիվ մարդկանց՝ «գուցե ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ»։
Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար և շեշտել, որ ոչինչ չի մոռացվում։
Ծառուկյանը ձերբակալվել էր հուլիսի 6-ին, իսկ հուլիսի 7-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Քաղաքական գործիչը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Իրավապահ մարմինները նաև կապարակնքել էին Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ։ Այդ ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել։
ԶԼՄ-ները նաև հայտնել էին Ծառուկյանին պատկանող գույքի հնարավոր բռնագանձման մասին։ Քրեական հետապնդման ֆոնին պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







