1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը երեկ հանկարծակի ԱԺ ամբիոնից խնդրեց «դեմ» քվեարկել իր իսկ բերած նախագծին: Խոսքը վերաբերում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի չընդունման թիվ մեկ պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է, քանի որ վերջինիս ղեկակավարած գերատեսչությունը չի կարողացել ճիշտ հավաքագրել տվյալները, բոլոր գերատեսչությունների հետ համաձայնության գալ, ինչի համար Զեյնալյանը հայտնվել էր աննախանձելի իրավիճակում:
Ըստ թերթի տեղեկությունների՝ միայն նախօրեին է այս նախագիծն ուղարկվել կառավարության սոցիալական գծով նիստին, որի ժամանակ արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հայտարարելով, որ հաշվարկներ չեն արվել, ինչի համար իրենք չեն կարող իրենց համաձայնությունը տալ: Եվ դրա համար Զեյնալյանին խնդրել են դադար տալ, որպեսզի կարողանան հարցերին լուծում գտնել և հետագայում ընդունել այն:
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ գործարար, մասնագիտությամբ տնտեսագետ Մհեր Տերտերյանը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի 15 խորհրդականներից մեկն էր, մեղադրվում է խարդախության մեջ (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդված, կետ 1): Նա անցնում է ավելի քան 1 միլիոն դոլար արժողության ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու քրեական գործով:
Թերթը պարզել է, որ Տերտերյանի կինն ապրիլին դիմել է Կենտրոնի ոստիկանություն՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսնու կողմից խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ: Քրեական գործի հարուցումը մերժվել է: Իսկ մայիսի 15- ին արդեն մերժման որոշումը վերացվել է և նոր որոշում է ընդունվել՝ քրեական գործ հարուցել 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով),և ուղարկվել Քննչական կոմիտե, նախաքննություն կատարելու։
Որոշումն ընդունել է Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ավագ դատախազ Լ. Մարկոսյանը:
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ մեկ տարի է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է, հիմա համառ լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը հակված է այդ պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Բայց հունիսի կեսերին տեղի ունենալիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը կանցկացվի ոչ թե այն սխեմայով, որը կնպաստեր Արայիկ Հարությունյանի` հնարավոր ԵՊՀ ռեկտոր դառնալու ծրագրի իրականացմանը, այլ` հին սխեմայով։
«Արայիկ Հարությունյանը հասկացավ, որ համալսարանում լուրջ դիմադրություն կա իր՝ ռեկտոր դառնալու հետ կապված, հիմա փորձում են խորհուրդը ձևավորել հին սկզբունքներով, այն է․ 25 տոկոսը՝ կառավարությունից, 25-ը` նախարարությունից, 25-ը` ուսանողներից, 25-ը` դասախոսներից, սակայն գլխին կդնեն իրենց ցանկալի մարդուն»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը:
4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ վերջին շրջանում հաճախ են լինում դեպքեր, երբ Երևանի ավագանու նիստերն անցնում են սակավամարդ: Ընդ որում, որքան էլ զարմանալի է, հիմնական բացակաները ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներն են: Ովքե՞ր են այդքան շատ բացակայում: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել 2018թ. հոկտեմբերի 10-ից (առաջին նիստի գումարման օր) մինչև օրս տեղի ունեցած նիստերից ավագանու անդամների բացակաների ցանկը:
Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ մինչ այժմ տեղի է ունեցել ավագանու 29 նիստ: Եվ, ահա, ուսումնասիրելով բացակաների ցանկը, պարզ դարձավ, որ այդ նիստերից 14 անգամ բացակայել է ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը, 12-ական անգամներ՝ խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, Ռուբեն Հայրապետյանը, Պավել Մազմանյանը, 11 անգամ՝ Օվսաննա Հովսեփյանն ու Կարինե Բաղդասարյանը, 10-ական անգամներ Էդգար Բարսեղյանը. Արման Հարությունյանը և Ռուբեն Սիմոնյանը: Ավագանու մյուս անդամներն արդեն ավելի քիչ թվով բացականեր ունեն:
Օրինակ՝ Աշոտ Մնացականյանը բացակայել է 9 անգամ, Լիլիթ Պիպոյանն ու Սերգեյ Ասատրյանը՝ 8-ական անգամ և այդպես շարունակ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ամենաշատ՝ 14 բացակա ունեցող Արմեն Ղալեչյանը նշեց, թե բացակայել է առողջական խնդիրների պատճառով, իսկ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն էլ նշեց, թե ռեկտոր լինելու ընթացքում դժվարացել է համատեղել և անգամ հրաժարվել է ավագանու անդամներին տրվող փոխհատուցումից, որը նվազագույն աշխատավարձի չափով է:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի իր աշխատասենյակում երեկ մի քանի ժամ քննիչները հարցաքննել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
Նա թերթին ասել է, որ տևական ժամանակ է՝ ԼՀԿ գրասենյակ է զանգահարում մի անհայտ քաղաքացի, սպառնալիքներ հնչեցնում՝ պահանջելով, որ քննադատական ելույթներ չունենա: Մարուքյանի բացատրական ջանքերն ապարդյուն են անցել, քաղաքացին շարունակել է այնքան, մինչև ԼՀԿ ղեկավարը դիմել է գլխավոր դատախազություն։ Այժմ քրեական գործ է հարուցվել՝ սպառնալիքի փաստով:
6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Դիմումն անակնկալ էր ինչպես ՊԵԿ-ի ներսում, այնպես էլ այդ կառույցից դուրս: ՔՊ-ն այնքան էլ գոհ չի եղել Անանյանից` նրան համարելով փափուկ կառավարիչ, «հներին», օլիգարխներին չպատժող տեսակ, ինչին մի առիթով Անանյանը հակադարձել է. «Բոլոր դեպքերում չէ, որ պետք է պաշտոններից հանենք մարդկանց ու երիտասարդ անփորձ կադրերով փոխարինենք»: Այս արտահայտությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մշտապես հիշվել է ՔՊ վարչության նիստերում թեմատիկ քննարկումների ժամանակ:
Անանյանն աշխատանքից ազատվելու պատճառների մասին հրապարակավ ոչինչ չհայտնեց` բավարարվելով միայն շնորհակալությունով։ ՊԵԿ-ի շուրջ կատարվող գործընթացներից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, թերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է սկսել ՊԵԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը հաստատեց ստուգումներ անցկացնելու մասին տեղեկությունները` ասելով, որ ստուգումներ սկսելու մեկնարկը տրվել է մայիսի 12-ի հրամանագրով:
Անանյանի՝ աշխատանքից ազատման լուրից հետո սկսվեցին խոսակցությունները նրան փոխարինողի մասով: Թերթի տեղեկություններով՝ ավելի շատ քննարկվում է Դավիթ Անանյանի տեղակալներից Շուշանիկ Ներսիսյանի անունը՝ որպես նրան ամենահավանական փոխարինող։
Գաղտնիք չէ, որ նա այս իշխանությունների համակրանքն է վայելում, և կարծիքներ կան, թե նրան կառավարելը հեշտ է: Եվ չնայած ՊԵԿ-ում մեծ ազդեցություն ունի նաև Ռաֆիկ Մաշադյանը, սակայն, ամենայն հավանականությամբ, ընտրությունը թերևս նրա վրա կանգ չի առնի: Ավելին, առաջիկայում չի բացառվում, որ նա ևս կարող է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել:
7․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ 2019 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել էր հայաստանցի գործընկերների միջնորդությունը՝ ավազակության մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Սակայն արդեն երկար ժամանակ է՝ նրան Հայաստանին վերադարձնելու պրոցեսը դոփում է տեղում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներքին կարգով ՌԴ իրավապահ համակարգը ՀՀ իր գործընկերներին հայտնել է, թե բողոքարկման գործընթաց է գնում, և դա է պատճառը, որ առայժմ նրան չեն կարողանում վերադարձնել Հայաստանին: Ավելին, բողոքի քննությունից հետո միայն պարզ կլինի՝ կվերադարձնեն նրան, թե ոչ: Միևնույն ժամանակ իրավապահ մարմիններին ՌԴ-ից վստահեցրել են, թե իր հանձնման գործընթացը տեղի կունենա, եթե բողոքարկման գործընթացը չձգձգվի:
Կապանյան աղբյուրները պատմում են, որ գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի նկատմամբ իրավապահների ուշադրությունը հրավիրել է հենց փոխմարզպետը, այն բանից հետո, երբ դիմել է քաղաքապետարան, որպեսզի նոր գնած տան համար բաց պատշգամբ կառուցելու շինթույլտվություն ստանա, իսկ քաղաքապետը մերժել է։
Խոցված պաշտոնյան որոշել է վրեժ լուծել՝ հարկային մարմինները մտել են Կապանի քաղաքապետի հորը պատկանող օբյեկտներ։ Գևորգ Փարսյանը հաստատեց շինթույլտվություն չտալու փաստը՝ նշելով, որ ընդհանրապես պատշգամբների կառուցում համայնքում թույլ չեմ տալիս։ Խնդիրն անձնավորված չէ, բոլորին է վերաբերում, որովհետև դա անմիջական կապ ունի շենքի սեյսմակայունության հետ, ինչպես նաև՝ ճարտարապետական տեսքի։
Իսկ իր հոր օբյեկտներում ստուգումների մասին ասաց, թե դրանք կապ չունեն այդ մերժման հետ, դրանք հերթական ստուգումներն են եղել, պլանավորված, դրանք կապ չունեն այս ամենի հետ։
9․ «Իրատես» թերթը գրում է, որ այս օրերին կառավարման օղակները հայտնվել են բավական բարդ իրավիճակում. պետական գերատեսչություններում շատ են վիրուսակիրները։
Թերթի տեղեկություններով՝ նախարարություններ կան, որտեղ նույնիսկ ողջ բաժնով աշխատակիցները մեկուսացվել են, մյուսների գործն էլ բարդացել է։ Իհարկե, ոմանք նաև հեռավար են աշխատում, բայց աշխատանքի արդյունավետությունից դժգոհություններ կան։
Ինչպես ասում են, «քիչ անալի էր, խանձրահամն էլ վրա տվեց»։ Իբր շատ էին կարողանում «էշը ցեխից հանել», հիմա էլ համակարգի բնականոն աշխատանքն ապահովելն է դարձել խնդրահարույց»:
10․ «Իրատես» թերթը գրում է, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. ռեյտինգի ցուցիչներն այս պահին վերջնական չեն։ Կորոնավիրուսի պայմաններում փոքր-ինչ դժվար է հարցումներ անցկացնելը, այնուհանդերձ առկա հարցումներով ակնառու է կորոնավիրուսի սկսած բումի, տնտեսական կոլապսի, ինքնաթիռա-ադամանդա-սիգարետա-զենքային աղմուկից հետո ոչ միայն ռեյտինգն իջել է, այլև նրա նկատմամբ անբարյացակամության դոզան է ահավոր մեծացել:
Մասնագետներն առաջիկայում կհրապարակեն ռեյտինգային սանդղակը, ինչից կախված էլ` ներքաղաքական զարգացումները կմտնեն որոշիչ` ակտիվ փուլ: Լավատեղյակները պնդում են, որ բուն զարգացումները կսկսվեն հուլիս-հոկտեմբեր ժամանակահատվածում:
11․ «Իրատես» թերթը գրում է, որ մի կողմից համավարակի բերած խնդիրները, մյուս կողմից էլ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված լինելու մասին բարձրաձայնումները լրիվ քաոս են ստեղծել Նիկոլ Փաշինյանի շուրջը։ Եթե Հայաստանում մաքսանենգության փաստերը մնացին կուլիսներում, փորձեցին հնարավորինս արագ քողարկել դրանք, նույնը դժվար է ասել Ռուսաստանի պարագայում, որտեղ կալանվել էր մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը։
ՌԴ անվտանգության ծառայության հավաստի աղբյուրներն այս առումով ուշագրավ տեղեկություններ են փոխանցում։ Ռուսաստանի իրավապահների ուշադրության կենտրոնում է մաքսանենգ ծխախոտի գործը, և խոր ու համապարփակ քննություն է ընթանում։
Ըստ նույն աղբյուրի, այս գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են ևս 17 անձինք։ Թերթի դիտարկմանը՝ եթե քննում են ու տեղյակ են մանրամասներին, ինչո՞ւ այդ մասին չեն բարձրաձայնում, հակադարձեցին, թե ամեն ինչ իր ժամանակն ունի, երեխան էլ 9 ամսից շուտ չի ծնվում։ «ՌԴ-ի համար Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ գործընկեր պետություն, նաև ՀԱՊԿ անդամ երկիր, ինչը որոշակի տաբուներ է ենթադրում։ Եթե Փաշինյանը չգիտակցեց, թե ՀԱՊԿ քարտուղարի հանդեպ ինչ քայլ է անում ու ինչ վիճակի մեջ դնում դրանով ՌԴ-ին, դա նրա խնդիրն է։
Իսկ ճի՞շտ է, որ Հայաստանից մարդ է գործուղվել ՌԴ, որպեսզի ծխախոտի գործը ծածկադմփոց անի՝ հարցրինք. թերթի աղբյուրը հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, թե գնացել է, բայց չի կարողացել ոչինչ անել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







