Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:
Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Զելենսկին Telegram-ի իր էջում գրել է, որ այժմ Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները դառնում են ավելի կառուցողական։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ երկու երկրների միջև անընդհատ երկխոսություն լինի։ Զելենսկին նշել է, որ քննարկել են Հայաստան կատարած իր այցի արդյունքները և համագործակցության առաջնահերթ ոլորտները։
«Ես նաև շնորհակալություն եմ հայտնում վարչապետին Կիև-Պեչերսկի Լավրայի հիմնադրման 975-ամյակի կապակցությամբ շնորհավորանքների համար, որը կարևոր օր է մեր տարածաշրջանի քրիստոնյաների համար։ Մենք համաձայնեցինք շարունակել կապի մեջ մնալ»,- գրել է նա։
Մայիսին Երևանում կայացած հանդիպման ընթացքում, ըստ ԶԼՄ-ների, Ուկրաինայի նախագահը և ՀՀ վարչապետը քննարկել էին պաշտպանության ոլորտում փոխգործակցության հեռանկարները։ Զելենսկին Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






