Երևանում կայացած հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության հեռանկարները, հայտնել է «Հրապարակ» թերթը:
Ըստ պարբերականի՝ հանդիպմանը ներկա էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զարգացման հարցում փորձի փոխանակմամբ՝ նշելով, որ ուկրաինական «փորձն անգին է» ՀՀ զինված ուժերի համար: Ի պատասխան՝ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքն այս ուղղությամբ և ներկայացրել է տարբեր նշանակության ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Ուկրաինայի հնարավորությունները: Կողմերը պայմանավորվել են շարունակել թեմայի շուրջ խորհրդատվությունները:
Թերթը նաև հայտնել է, որ 2025 թվականի ամռանը ՀՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներն Ուկրաինայում անցել են ԱԹՍ-ների կիրառման կարճատև դասընթացներ։
Զելենսկին Հայաստան էր ժամանել մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին: Երևանում գտնվելու ժամանակ նա անդրադարձել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ զինադադարի վերաբերյալ առաջարկին. ՌԴ ՊՆ-ն նրա հայտարարությունները որակել էր որպես «Մոսկվային հարվածելու սպառնալիքներ»։




































