Կառավարությունն, ընդհանուր առմամբ, դեմ չէ կորոնավիրուսի հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստի գաղափարին, սակայն առաջարկել է մի քանի օր դադար վերցնել՝ հավելյալ հաշվարկներ և կանխատեսումներ կատարելու համար: Ինձ համար ընդունելի առաջարկ է, հետևաբար առաջարկում եմ օրինագծին առայժմ դեմ քվեարկել և այն տեղափոխել առաջարկությունների ներկայացման փուլ։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց օրինագծի հեղինակ, իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ ընդգծելով, որ մեկ շաբաթ կամ 10 օր դադար վերցնենք, որպեսզի կարողանանք նաև կանխատեսումներ ունենալ և հիմնավորումներն ավելի հստակեցնել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ վերջապես շատ կարևոր նախագիծ է բերվել, բայց փաստացի Կառավարության հետ համաձայնության գալ հնարավոր չի եղել, նա կոչ արեց քաղաքական հիմնավորում ներկայացնել։
«Ոնց հասկանում եմ՝ կառավարության հետ չեք կարողացել գալ համաձայնության, և հարցը կարող է ընդհանրապես չընդունվի: Փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը, որ այս նախագիծը կարևոր է և հիմա է պետք ընդունել: Ի՞նչն է քաղաքական պատճառը, որ չեք ուզում՝ նախագիծը հիմա ընդունվի. դա եմ ուզում հասկանալ», — պնդեց Մարուքյանը:
Զեյնալյանը նշեց, որ գաղափարն ընդունելի է եղել Կառավարության համար, խնդիրը կանխատեսելիության հետ կապված՝ ապագայում կորոնավիրուսի ինչքան դեպք կունենանք։ Նա վստահեցրեց՝ նախագիծը շրջանառությունից չի հանվի, այլ պետք է տեղափոխել երկրորդ ընթերցման ռեժիմ։
Հիշեցնենք, որ երեկ առաջին ընթերցմամբ քննարկվել էր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առկայությունը պայմանավորված է Covid-19 համավարակով:
Հեղինակն առաջարկում էր ավելացնել պարետի ցուցումով մեկուսացած և ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը՝ մեկուսացման և ինքնամեկուսացման ժամանակահատվածում նրանց վճարելով մեկուսացման նպաստ: Կարգավորումը, ինչպես նշել է հեղինակը, վերաբերում է վարձու կամ ինքնուրույնաբար աշխատանքով զբաղված քաղաքացիներին: Նպաստի այս տեսակից չեն օգտվի մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտած, հարկադիր պարապուրդի կապակցությամբ գործատուի կողմից 2/3-ի չափով աշխատավարձ ստացած, ինչպես նաև հեռավար աշխատած քաղաքացիները:
Խնդրի կարգավորման նպատակով Նարեկ Զեյնալյանն առաջարկում է օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հոդվածով. «Վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից»:
Օրենսդրական կարգավորումը նպատակ ունի բարձրացնել աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, նպաստել աշխատաշուկայում ստվերի կրճատմանը և աջակցել հակահամաճարակային միջոցառումներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







