1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությունը մոտեցավ վերջնաժամկետին։ Այսօր տեսակապով կլսեն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Աշխատանքը կազմակերպել են հեռավար:
Ուշագրավ է, որ վերջինիս լսելու հարցում հանձնաժողովը տևական ժամանակ չէր կողմնորոշվում, ի վերջո, եկել են եզրահանգման, որ լրացուցիչ ինֆորմացիան չի խանգարի, և քանի որ այսօր լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, որպեսզի հանդիպման գրաֆիկը հարմարեցնելու դժվարություններ չունենան, նախապատվությունը տվել են տեսակապին:
Բակո Սահակյանն այս հանձնաժողովի վերջին «հյուրը» կլինի, դրանից հետո կանցնեն, այսպես կոչված, խորհրդակցական սենյակ, ամռան ամիսներին կկազմեն զեկույցը, որպեսզի աշնանը հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին:
2․ Երեկ հայտարարվեց, որ նոր խստացումներ են սահմանվում դիմակի կրման հարցում, այսինք՝ դիմակ կրելու ենք միշտ, ամենուր: Ավելին, պարետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ ակնարկեց, որ նոր, ավելի կոշտ սահմանափակումները, այդ թվում՝ պարետային ժամը, հնարավոր են՝ որպես ծայրահեղ գործիքակազմ:
«Փաստ» թերթի տեղեկություններով , այս հարցը կառավարությունում գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկվում է, սակայն կարծիքները խիստ տարբեր են: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, մանրամասն ուսումնասիրվում է, թե ինչ տնտեսական ռիսկերի ու ֆինանսական ծառնաբեռնվածության հետ կարող ենք գործ ունենալ՝ նոր տոտալ սահմանափակումների պարագայում։
Ընդ որում, խոսքը միայն առանձին կառույցների գործունեության կասեցման մասին չէ, այլ շատ ավելի խիստ սահմանափակումների, այդ թվում՝ հասարակական տրանսպորտի և այլն:
Այնպես որ, չի բացառվում, որ մինչև շաբաթվա վերջ հայտարարվի նման միջոցառումների մասին:
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ գործադիրում վերջին օրերին քննարկվում է Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակելու հարցը: Վարչապետը մտադիր է այս կառույց գործուղել վստահելի մարդու՝ պետի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթներով օժտելով նրան: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում քննարկվել է «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ հիմնադիրներից Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը, ով մինչև պատգամավոր դառնալն այս կառույցում պետի տեղակալ էր աշխատում:
Իր հերթին Տիգրան Ուլիխանյանը նշել է, որ իրեննման առաջարկ չի եղել:
4․ «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում լուրջ քննարկումներ են ընթանում՝ կապված ազգային գաղափարախոսության հայեցակարգի մշակման հետ։ Թերթի աղբյուրը փոխանցում է, որ վարչապետի աշխատակազմը լայն թափով նախապատրաստում է նախնական փաթեթ, որը, սակայն, դեռևս ամբողջացված չէ և առայժմ պատրաստ չէ հանրային լայն շրջանակների քննարկմանը ներկայացնելու համար:
Ներկա փուլում հայեցակարգի հետ կապված աշխատանքները մասնակիորեն դադարել են՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով, իսկ մինչ այդ բավականին խորքային գործընթացներ ու քննարկումներ են եղել։
Նախագծի վրա մի շարք անվանի գիտնականներ ու փորձագետներ են աշխատել, և առաջիկայում նույնպես մի քանի փակ ձևաչափով հանդիպումներ ևս նախատեսվում են։ Թերթի ունեցած տեղեկության համաձայն, այս հարցում բավական լուրջ վերապահումներ ունեն որոշ հայտնի շրջանակներ, այդ թվում՝ առաջին նախագահի թիմի ոչ քիչ ներկայացուցիչներ։
5․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման շուրջ կրքերը չեն դադարում, և «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել այս ազատման նախապատմությունը:
Աղաջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել մայիսի 12-ին, սակայն պաշտոնապես այդ մասին հայտնի դարձավ միայն մայիսի 19-ին: Եվ ուշագրավն այն է, որ նա ազատման դիմում ներկայացրեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո:
Բանն այն է, որ ԱԱԾ-ից հասած տեղեկությունների համաձայն՝ իրականում Արթուր Աղաջանյանը և Արգիշտի Քյարամյանը նաև անձնական կոնֆլիկտ են ունեցել, երբ վերջինս դեռ աշխատել է ՊՎԾ-ում, և, ըստ էության, Աղաջանյանը չի ցանկացել այդ կառույցում աշխատել Քյարամյանի հետ:
Բացի այդ, հենց այդ օրերին պարզ դարձավ, որ խոշոր չափի կաշառք վերցնելու համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, թաքնվում է իրապահներից, և մինչ օրս նրան չեն կարողանում գտնել: Եվ Աղաջանյանի հեռանալը ևս կապված է նաև Գագիկ Խաչատրյանի որդու հետախուզման հետ: Այսպես ասած, Խաչատրյանի հեռանալը փորձում են կոտրել Աղաջանյանի վրա:
6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որպաշտոնական տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս, փոխարենը նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 11.9 տոկոս գնաճ, ծխախոտը թանկացել է 10.4 տոկոսով:
Իսկ, ահա, ապրիլի համեմատ՝ մայիսին ծխախոտի գները բարձրացել են 0.8, ալկոհոլային խմիչքը՝ 1.9 տոկոսով: Փոխարենը սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները մայիսին, ապրիլի համեմատ, թեկուզ չնչին, բայց 0.2 տոկոսով նվազել են:
Բանջարեղենի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 5 տոկոս:
Մսամթերքի ու թռչնամսի գներն են նվազել. օրինակ՝ մսամթերքի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում, իսկ թռչնամսի գները մեկ ամսում նվազել են 3.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի և ձվի շուկաներում հակառակ պատկերն է. այստեղ գնաճ է արձանագրվել 0.4 տոկոսի չափով: Միայն ձվի գինը մայիսին, ապրիլի համեմատ, բարձրացել է 1.5 տոկոսով: Բացի այս, 0.3 տոկոսով թանկացել է նաեւ շաքարավազը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







