ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հիփոթեքային անշարժ գույքի գործարքները նոտարական վավերացման փոխարեն առցանց ձևակերպելու մեխանիզմին։ Որոշումը հաստատվել է կառավարության հուլիսի 23-ի նիստում։
Նոր կարգը կգործի անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում համապատասխան գործիքակազմի ներդրումից և գործարկումից հետո, սակայն ոչ ուշ, քան որոշումների պաշտոնական հրապարակումից վեց ամիս անց։ Եթե որոշումները հրապարակվեն մոտ օրերս, ապա նոր մեխանիզմը պետք է գործարկվի ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի վերջին։
Խոսքը վերաբերում է անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի, ինչպես նաև կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերին, որոնց կողմ են բանկերը կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունները։
Նման գործարքները հնարավոր կլինի կնքել Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում՝ կառավարության հաստատած օրինակելի ձևերով և առանց լրացուցիչ պայմաններ ներառելու։
Կառավարությունը հաստատել է այդ պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև փոփոխություններ կատարել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական էլեկտրոնային գրանցման կարգում։ Փոփոխություններով սահմանվում են դիմումների ներկայացման, էլեկտրոնային ստորագրությունների և լիազորագրերի կիրառման, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների մասնակցության կարգը։
Նախագիծը ներկայացնելիս Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը նշել է, որ նախաձեռնությունն անշարժ գույքի շուկայի թվայնացման հերթական փուլն է և հնարավորություն կտա ընդլայնել գործարքների հեռավար կնքման հնարավորությունները։ Նրա խոսքով՝ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում կներառվեն կառավարության հաստատած պայմանագրերի ձևանմուշները, ինչը թույլ կտա գնորդին, կառուցապատողին և բանկին եռակողմ պայմանագիր կնքել էլեկտրոնային եղանակով։
Թովմասյանի խոսքով՝ ներկայում նման գործարք կնքելու համար գնորդը պետք է անձամբ ներկայանա նոտարի մոտ կամ լիազորագիր ձևակերպի, իսկ արտերկրում տրված լիազորագրերի դեպքում նաև անցնի դրանց վավերացման լրացուցիչ ընթացակարգերը։
Թովմասյանը նաև հայտնել է, որ Կադաստրի կոմիտեն շարունակելու է անշարժ գույքի այլ գործարքների թվայնացման աշխատանքները և պատրաստում է վարչարարության հետագա պարզեցմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Նրա խոսքով՝ զուգահեռաբար արդիականացվում է նաև Կոմիտեի սերվերային ենթակառուցվածքը՝ էլեկտրոնային ծառայությունների պաշտպանվածությունն ու հուսալիությունն է՛լ ավելի բարձրացնելու նպատակով։
Նոր կարգի ուժի մեջ մտնելուց հետո գնորդը կկարողանա պայմանագիրը հեռավար ստորագրել ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, իսկ սեփականության իրավունքի պետական գրանցման հիմք կհանդիսանա բանկի կողմից ներկայացված էլեկտրոնային պայմանագիրը։
Որոշումների համաձայն՝ նման գործարքների վերաբերյալ դիմումները պետական գրանցման համար կներկայացնեն բացառապես գործարքին մասնակցող բանկերը կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունները։
Համակարգում աշխատելու համար դրանք պետք է գրանցվեն պետական ռեգիստրի էլեկտրոնային հարթակում, իսկ վարկային կազմակերպությունները՝ նաև ներկայացնեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված համապատասխան լիցենզիան։
Բացի այդ, հաստատվել է նաև կառուցապատման ավարտից հետո անշարժ գույքի հանձնման-ընդունման էլեկտրոնային ակտի օրինակելի ձևը։ Բոլոր փաստաթղթերը կստորագրվեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ նախաձեռնությունը միաժամանակ պարզեցնում է գործարքների ձևակերպման ընթացակարգը՝ վերացնելով օրենքով նախատեսված դեպքերում նոտարական վավերացման անհրաժեշտությունը և արտացոլում է պետության աճող վստահությունը թվային տեխնոլոգիաների նկատմամբ։
Նրա խոսքով՝ թվային գործիքների զարգացումը թույլ է տալիս հրաժարվել մի շարք լրացուցիչ ընթացակարգերից՝ չնվազեցնելով սեփականատերերի իրավունքների պաշտպանության մակարդակը, որը շարունակում է ապահովվել պետական գրանցման մեխանիզմներով։
Կառավարությունում նշել են, որ փոփոխությունները բխում են 2025 թվականի դեկտեմբերին ընդունված՝ Քաղաքացիական օրենսգրքում և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կատարված փոփոխություններից։ Ակնկալվում է, որ դրանք կպարզեցնեն գործարքների ձևակերպումը, կբարձրացնեն էլեկտրոնային ծառայությունների արդյունավետությունը և քաղաքացիների, կառուցապատողների ու ֆինանսական կազմակերպությունների համար կապահովեն առավել միասնական և կանխատեսելի ընթացակարգեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







