ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, որտեղ վերջինս կառավարությանը կոչ էր արել վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը քաղաքացիների վրա չգցել և չանել իրարամերժ հայտարարություններ, խորհրդարանում հայտարարեց, որ համաճարակը կարող է ունենալ փուլեր, փոխկապակցված բազմաթիվ հանգամանքներ:
«Սա նշանակում է, որ առաջին շաբաթը կարող են պահանջվել մի տեսակի միջոցառումներ, երկրորդ շաբաթը՝ այլ տեսակի միջոցառումներ, չորրորդ շաբաթում կարող է վիրուսի մասին հայտնի դառնալ մի բան, որը կփոխի միջոցառումները, և այսպես շարունակ»,- հայտարարեց Ռուբինյանը:
Պատգամավորն անդրադարձավ մեղավոր փնտրելու և պատասխանատվության ենթարկելու մասին ԲՀԿ-ական Ն. Զոհրաբյանի հայտարարություններին:
«Մեղքը և պատասխանատվությունը տարբեր բաներ են։ Մեղավոր փնտրելն ամենաանպտուղ բանն է, որ կարելի է անել։ Ի դեպ, դուք դա եք անում հիմա։ Բայց դա չի նշանակում, որ մարդիկ չպիտի գիտակցեն իրենց պատասխանատվությունը, պետությունը, վարչապետը, պարետը, ոստիկանը, քաղաքացին, բոլորն ունեն պատասխանատվություն, միակ ճանապարհը համաճարակը հաղթահարելու խիստ պետության և գիտակցող քաղաքացու համագործակցությունն է։ Եթե ուզում եք մենք առաջ գնանք համաճարակի դեմ պայքարում, կարող եք սկսել ձեր խմբակցության պատգամավորից և փորձեք անել այնպես, որ դիմակ կրի»,- շեշտեց Ռուբինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







