ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը հայտնել է, որ հուլիսի 15-ից դադարեցնում է լիազորությունները։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա չի նշել հեռանալու պատճառները՝ ընդգծելով միայն, որ որոշումը կայացրել էր խորհրդարանական ընտրություններից դեռ ամիսներ առաջ, սակայն շարունակել է աշխատանքը՝ ցանկանալով խուսափել հնարավոր շահարկումներից՝ մինչև ընտրական գործընթացների ավարտը։ Ղուկասյանը հավելել է, որ աշխատանքից ազատվելու դիմումը ներկայացրել էր մեկ ամիս առաջ։
Ղուկասյանը ներկայացրել է նաև 2022-ից իրականացրած աշխատանքի արդյունքները։ Նրա ձևակերպմամբ՝ ապահովվել է բացառիկ անկողմնակալություն ԶԼՄ-ների հետ հարաբերություններում, իսկ ԿԸՀ տեղեկատվական էջերը գրանցել են լսարանի զգալի աճ։
«ԿԸՀ ֆեյսբուքյան էջը վարելու պարտականությունն ստանձնել եմ 6700 հետևորդով, այժմ այն 19 000-ից ավելի է, իսկ վերջին 3 ամիսներին միջինում ունեցել է 4 միլիոն այցելու՝ առանց որևէ վճարովի գովազդի։ Շնորհակալ եմ ԿԸՀ-ին՝ մարքեթինգի ոլորտում գիտելիքներս լավարկելու համար»,- նշել է նա։
Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին վստահության համար և հաջողություն մաղթել հանձնաժողովին աշնանն սպասվող ՏԻՄ ընտրություններում։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), որը նախնական պաշտոնական արդյունքներով չէր հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Ավելի ուշ ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչից հետո վերջնական արդյունքներով ԲՀԿ-ն դուրս էր մնացել խորհրդարանից։
Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկել էր յոթ քաղաքական ուժ՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ իշխանությունները «գողացել են» 60 հազար ընտրողի ձայնը։
Իշխանություններն, իրենց հերթին, ընդդիմադիր ուժերին մեղադրել էին ընտրակաշառքով ձայներ ստանալու մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է «100%-ով օրգանական ձայն», իսկ մյուս քաղաքական ուժերը՝ «100% ընտրակաշառքով»։
Հուլիսի 13-ին հայտնի էր դարձել, որ ընդդիմադիր ուժի օգտին քվեարկած քաղաքացի Լուսինե Ավագյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ պահանջելով նրա հայտարարությունը ճանաչել իր պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող, հրապարակայնորեն հերքել այն և ներողություն խնդրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






