Իրավապահների հարուցած աղմկոտ գործերից ցանկալի արդյունք չստանալու պատճառով իշխանության ներսում քննարկվում է ուժային համակարգում կադրային փոփոխությունների հարցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիրախում են հայտնվել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նշված պաշտոնյաներից ոմանց դեպքում քննարկվում է պաշտոնական տեղափոխության տարբերակը, իսկ մյուսները կանցնեն իշխանության կադրային բազա։
Պարբերականը հավելում է, որ կառավարության նոր կազմի ձևավորումից հետո Փաշինյանը մտադիր է անցնել նաև դատական իշխանության վերաձևավորմանը՝ ընդհուպ դատավորներին կալանավորելով, նրանց լիազորությունները կասեցնելով կամ դադարեցնելով։
Փաշինյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հերքել է լուրերը, թե առաջիկայում նախատեսում է աշխատանքից հեռացնել իրավապահ մարմինների վերոնշյալ ղեկավարներին։ Նա ընդգծել է, որ իրավապահ համակարգի մի հատված, իր խոսքով, ինքնավար ու անկախ է գործում։
Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարել էր, որ կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինի։ Այնուհադերձ, ԶԼՄ-ները գրել էին որոշ պաշտոնյաների հնարավոր պաշտոնանկությունների մասին, այդ թվում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի։
Թարմացվել է՝ 13։18
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






