Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մտադիր է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում կրկին առաջադրել իր թեկնածությունը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Գորիս, Տեղ և Տաթև համայնքների խոշորացումից հետո ղեկավար դառնալու հավակնություն ունեցող Առուշանյանը նախընտրական շրջանում դրական վերաբերմունք է արտահայտել «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ։
Թերթի տեղեկությամբ՝ ՔՊ սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է կուսակցության ղեկավարությանը համոզել, որ տարածաշրջանում ստացած ձայներն իր աշխատանքի արդյունքն են։
Իշխանական թեկնածու դառնալու ակնկալիք ունի նաև Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ հիմնվելով իր գլխավորած համայնքում իշխող ուժի գրանցած ընտրական ցուցանիշների վրա՝ Տեղում ՔՊ-ն 52% ձայն էր ստացել, Գորիսում` մոտ 48%, իսկ Տաթևում՝ ավելի քան 60%, նշել է թերթը։
Առուշանյանն աշխատանքից ազատել էր մի շարք ենթակաների, որոնք չէին կարողացել ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում։ Օրաթերթի տվյալներով՝ աշխատանքից զրկվել էին քաղաքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, խորհրդական Կարեն Ջավահիրյանը, օգնականը և Խնձորեսկի վարչական ղեկավարը։




































