1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում այս պահին կա մոտ 7 հազար հատ պահեստավորված թեստ, իսկ մինչև վերջանալը կսկսվի թեստերի տեղական արտադրությունը։
2․ «Իրավունք» թերթը գրում է, որ տարածված լուրերի համաձայն` Մարտի 1-ի աղմկահարույց գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս այս օրերին Մոսկվայի հայտնի հիվանդանոցներից մեկում բուժվում է կորոնավիրուսից:
Որքանո՞վ են լուրերը իրական, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Կոստանյանից, ով նկատեց. «Վատառողջ եմ, այո: Ավելին ասել չեմ ցանկանում: Բոլորին առողջություն եմ միայն մաղթում»:
3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի կրթական համակարգում շարունակում է անմխիթար վիճակ տիրել: Այս պահին «անտեր» են մնացել թվով 6 բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նրանք բոլորը չունեն ռեկտորներ, իսկ մի քանիսն էլ՝ անգամ հոգաբարձուների խորհուրդ: Այդ առումով ամենաանմխիթար իրավիճակում Երևանի պետական համալսարանն է, որը երկար ժամանակ է՝ չի կարողանում խնդիրը կարգավորել և շարունակում է ղեկավարվել ռեկտորի պաշտոնակատարի կողմից՝ չունենալով նաևգիտական խորհուրդ:
Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն արդեն երկար ժամանակ է՝ շարունակում է մնալ Գեղամ Գևորգյանը, ընդ որում՝ մարտի 23-ին պետք է տեղի ունենար մայր բուհի նոր ռեկտորի ընտրություն, որն այդպես էլ չկայացավ՝ պայմանավորված երկրում արտակարգ դրությամբ:
Ռեկտորի պաշտոնակատարներով են շարունակում իրենց գործունեությունը նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը (պաշտոնակատար Դավիթ Խիթարյան), Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյան): Նույն իրավիճակն է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որտեղ արդեն մեկ տարի է՝ ռեկտորի պաշտոնակատար է Եղիազար Վարդանյանը:
Ռեկտոր չունեցող մյուս երկու բուհերն են Պոլիտեխնիկական համալսարանն ու Տնտեսագիտական համալսարանը: Վերջինիս ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի շուրջ աղմուկը չի դադարում:
4․ «Իրատես» թերթը գրում է, որ օրերս իմքայլականները հավաքվել են ու մի քանի ժամանոց քննարկում ունեցել՝ զբոսաշրջությունից մինչև կորոնավիրուսին վերաբերող թեմաների շուրջ: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Իրատեսի»՝ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ Ավինյանը «գուժել» է՝ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում որևէ դրական տեղաշարժի հույս պետք չէ ունենալ:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն իրենք իրենց խոստովանել են նաև, որ տեղեկատվական հարթակում «պարտություն» են կրում, չի հաջողվում այնպես անել, որ թե՛ խմբակցության, թե՛ իշխող թիմի վարկանիշն անկում չապրի:
Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետագա պաշտոնավարման հարցին, ապա այդ մասով խոսակցություն չի եղել:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ լարվածությունը պարետատանը նոր փուլ է թևակոխել: Իր խոսքը կատարած՝ մայիսի վերջին 10 հազար վարակված կանխատեսած Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել՝ մեկ կետից ղեկավարել գործընթացը և ղեկավարումը հանձնել իրեն:
6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության ժամանակ պատգամավորները նաև հետաքրքրվեցին ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի մասին, որի մասով դատախազությունում նաև առանձին վարչություն է ստեղծվելու: «Ժողովուրդ» օրաթերթը ևս փորձեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղել այդ թեմայով, սակայն հարցը մնաց անպատասխան:
Հարցին՝ չի կարծում, որ ապօրինի բռնագանձումը իրենից պիտի սկսել՝ հաշվի առնելով, որ Դավիթաշենում առանձնատուն է կառուցել իր պաշտոնավարման ժամանակ. վերջինս արձագանքել է. «Դու կսկսես»:
Նշվում է, որ խոսքն Աջափնյակ վարչական շրջանում նրան հատկացված հողատարածքի մասին է, որի հարցը 2019 թվականին խորհրդարանում բարձրացրել էր նաև պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ցույց տալով դատախազի առանձնատան լուսանկարը, ասելով, թե երկու տարվա ընթացքում դատախազը կառուցել է այդպիսի առանձնատուն, որն արժի մոտավորապես կես միլիոն ամերիկյան դոլար:
7․ «Իրատես» թերթը գրում է, որ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի մշտական հանձնաժողովում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած դռնփակ նիստը, որին մասնակցում էին բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից հեռացման դիմում գրած Սմբատ Գոգյանն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը, մեծ թվով հարցականներ է առաջացրել ոչ միայն քաղաքացիների, այլև հենց հանձնաժողովականների շրջանում:
Թե՛ պատգամավորներին, թե՛ Գոգյանին ի սկզբանե ասված է եղել, որ նիստը բաց է լինելու, բայց վերջին պահին «իրավիճակ է փոխվել»: Հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրից «Իրատեսին» հայտնեցին, որ պատգամավորները հաստատ թաքցնելու բան չեն ունեցել, ավելին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու Սմբատ Գոգյանն էլ կաշկանդված չեն եղել: Նիստը դռնփակ անցկացնելու հրահանգը ամենավերևից է իջեցվել՝ ոչ թե նախարար Արայիկ Հարությունյանի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Քննարկումը հանգիստ է անցել, փոխնախարարը պատասխանել է բոլոր հարցերին, փաստն այն է, որ դրանից հետո նրա կամ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականի պահանջն օրակարգային չի դարձել:
Նա նշեց, որ թեև վարչապետը մինչ այս պահը չի ստորագրել Գոգյանի հրաժարականի դիմումը, բայց ԲՈԿ նախագահը կլքի պաշտոնը:
8․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, առաջիկայում կզորացրվի: Ինչպես հայտնի է, նա պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել 2018 թվականի հուլիսի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց երկու ամիս անց: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանի որդու զորացրումը տեղի կունենա մինչև օգոստոսի 11-ը:
Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում, և, ըստ զինվորակաների մեջ տարածված խոսակցությունների, այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները:
Ավելին, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել, ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են վերջինիս երկու որդիներն ազատվել ծառայությունից:
9․ «Իրատես» թերթը գրում է, թե ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները, հատկապես ԱԳ նախարարի պաշտոնում՝ Մասիս Մայիլյանին Ռուսաստանում շատ վատ է ընկալվել:
Էլ ավելի վատ է ընկալվել Մասիս Մայիլյան-Արմեն Գրիգորյան հեռախոսազրույցը, որով սորոսական «շկոլան» փորձել է ցուցանել իր «անմահությունը», և դա այն դեպքում, երբ Ռուսաստանն անվերջ հասկացնում էր հայկական կողմին, որ իրենք պրոբլեմ ունեն թե՛ Սամվել Բաբայանի (որն էլ արդեն Արցախում ԱԱԽ քարտուղար է), թե՛ Մայիլյանի հետ։
Ավելին. Ռուսաստանը ցայս պաշտոնապես չի հերքել Ռուսաստանում վերջիններիս անցանկալի անձ լինելու, Ռուսաստան մուտքի արգելափակման տեղեկությունը` այդ նշանակումները փաստացի դեմարշ համարելով Ռուսաստանի դեմ, որի իրական հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է:
10․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անցած շաբաթ դիմում էր ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի քաղաքական բոյկոտի օրերի բացակաները հարգելի համարվեն, և իրենց աշխատավարձերից պահումներ չարվեն:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծի միջադեպից հետո ընդդիմադիր խմբակցությունը բոյկոտ էր հայտարարել եւ նիստերին չէր մասնակցում: Իսկ քանի որ անհարգելի բացակաների դեպքում աշխատավարձերից պահումներ են արվում, ԼՀԿ-ն հիշեցրել էր, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով քաղաքական բոյկոտի օրերի բացակաները համարվում են հարգելի։
«ԱԺ աշխատակազմը որոշում է կայացրել, և այդ բացակաները կհամարվեն հարգելի»,- թերթին տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։ Փոխարենը քաղաքական այլ որոշում են կայացրել, պահում է արվել Էդմոն Մարուքյանի աշխատավարձից՝ ամսվա կտրվածքով հանձնաժողովի նիստերին չմասնակցելու համար։
Մարուքյանն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է։ Բայց տեղեկացանք, որ նախկինում այդ բացակայությունների համար պահումներ չեն արվել, քանի որ ֆրակցիաների ղեկավարները կարող են նաեւ որեւէ հանձնաժողովի անդամ չլինել:
11․ «Փաստ» թերթը գրում է, որ մայիսի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Սամվել Բաբայանի հետ վերջնական հանգրվանի են եկել պաշտոնի նշանակման հարցում: Այսպիսով, վերջնականապես հաստատվեցին այն լուրերը, ըստ որոնց՝ Բաբայանը նշանակվելու էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։
«Փաստ» թերթը տեղեկություններ ունի, որ մինչև Բաբայանին նշանակելը, Հարությունյանը նախատեսած է եղել այդ պաշտոնում նշանակել իր նախկին մրցակից Մասիս Մայիլյանին, որն, ի դեպ, նույն օրը նշանակվեց ԱԳ նախարար։
Թերթի աղբյուրը փոխանցում է, որ ԱԽ քարտուղարի նշանակման մեջ առանցքային դերակատարում են ունեցել հայաստանյան իշխանությունները, որոնք ամեն ինչ արել են, որ հենց Բաբայանը նշանակվի։ Ավելին, Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր նշանակումների ցանկը և համաձայնեցրել նրա հետ։
Փաստացի ստացվում է այնպես, որ Բաբայանին տրված իր խոստումը Փաշինյանը կատարում է Հարությունյանի ձեռքով։ Թերթի տեղեկություններով, Փաշինյանն ի դեմս Բաբայանի փորձում է արցախյան գեներալների շրջանում հակակշիռ ապահովել։
Իրականում Արցախում խոսում են, որ այս առումով լուրջ խնդիրներ կան, քանզի, ըստ էության, տարբեր տարիներ Բաբայանը շատերի հետ խնդիրներ է ունեցել, և դրանով է պայմանավորված, որ մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ նաև զինվորականներ, նրա նկատմամբ, մեղմ ասած, դրական վերաբերմունք չունեն, եթե չասենք ավելին։
Այս նշանակման վերաբերյալ Արցախում առկա մեկ այլ անհանգստություն վերաբերում է դեռևս նախընտրական շրջանում շրջանառված տեղեկություններին, թե Բաբայանը խնդիրներ ունի ՌԴ մեկնելու հետ կապված:
Այս հանգամանքը կարևորվում է հատկապես այն տեսակետից, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է:
12․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ հայտնի դարձավ, որ վարչապետն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Սակայն համացանցում գրում էին, թե չեն հավատում դրան։ Մանավանդ երբ երեկոյան Փաշինյանը մասնակցեց ամենօրյա բրիֆինգին, ավելի խորացան կասկածները։ Իշխանական թիմը երեկ թեստավորվում էր։
Նույնն անում էին Արցախում, որտեղ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մոտ 600 մարդ էր շփվել ՀՀ վարչապետի հետ։ Իսկ Փաշինյանի ընտանիքում հատկապես անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։ Նա տարիներ առաջ ծանր հիվանդություն է տարել և վարակի ռիսկային խմբի մեջ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







