ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է «ջախջախել» ընդդիմությանը և կոչ արել ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն քաղաքացիներին հեղափոխություն անել և փոխել իշխանություններին։ Այդ մասին նա հայտարարել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Նա նշել է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «պետք է ջախջախվեն իրենց բներում»։
«Սիրելի քաղաքացիներ, մենք հասցեական գնալու ենք այս ճանապարհով»,- նշել է նա։
Փաշինյանը հակադարձել է նաև խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մեղադրանքները։ Նա հավելել է՝ ովքեր պնդում են ընտրակեղծիքների մասին «ղալաթ են» անում։ Նրանց, ում ձայնը կեղծվել է, նա կոչ է արել դուրս գալ հրապարակ և փոխել իշխանություններին։
«Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, ես կոչ եմ անում հեղափոխություն անել ՀՀ-ում և փոխել կառավարությունը»,- նշել է նա։
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչից հետո վերահաշվարկով 4%-ի շեմը հաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնվել էր խորհրդարանից դուրս, ինչն առաջացրել էր ընդդիմադիր դաշտի կոշտ արձագանքը։
Ըստ ԿԸՀ-ի՝ 9-րդ գումարման ԱԺ-ում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 28 մանդատ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 12 մանդատ։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը հայտարարել էր, որ ԿԸՀ-ն 58 հազար ձայն է գողացել ընդդիմությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև՝




































