Հայաստանը փորձության է ենթարկվում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև ընտրության հարցում, ինչը նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հենց իրենք են հարցը բարձրացրել, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
«Հայաստանը նույնպես փորձության է ենթարկվում ԵՄ-ի այս «կա՛մ-կա՛մ, ընտրի՛ր» կլիշեով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասն խոսել է այս մասին մայիսի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում. «Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, պետք է կատարի իր սեփական ընտրությունը՝ արդյոք ցանկանո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ միանալ ԵՄ-ին։ Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց թող այդ ընտրությունը կատարվի»»,- մեջբերել է նա։
Լավրովի խոսքով՝ եթե Երևանն արդեն իսկ օրենք է ընդունել, որով պաշտոնապես սկսում է քայլերը դեպի ԵՄ, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները իրենք են հարցը բարձրացրել։
«Եթե նման օրենք գոյություն ունի, ապա դուք արդեն բարձրացրել եք հարցը, բայց եկեք հաշվետու լինենք և դիմենք ժողովրդին»,- ընդգծել է նախարարը։
Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանին կոչ էին արել եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնել։ Ռուս պաշտոնյաները նաև նախազգուշացրել էին Հայաստանին՝ Եվրոպական միություն մտնելու դեպքում մի շարք տնտեսական առավելությունների հնարավոր կորստի մասին: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:
2025 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին:





































