Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը, հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ծրագրի շրջանակում ԵՄ-ն ՀՀ-ին 2,2 մլն եվրո կհատկացնի։ Նշվում է, որ գումարը վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով է, ֆինանսավորումը կուղղվի այդ նպատակով սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին։
Նախագիծն իրականացվում է Լիտվայի հետ համագործակցությամբ, հայտնել են գերատեսչությունից։ Մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Լիտվայի և ԵՄ բարձրաստիճան դիվանագետները՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Լիտվայի ներքին գործերի փոխնախարար Գինտարաս Ալիքսանդրավիչիուսը, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ սա երկրում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն միտված է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի աջակցությանը, և իշխանությունները մտադիր են հնարավորինս արագ հասնել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը։
Շիրակում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երկու տարուց կարող է ազատականացնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը։
Մայիսի 13-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել էր վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը։ ԵՄ-ն ընդգծել էր, որ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվելու է մինչև բոլոր պահանջների ամբողջական կատարում։
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկրորդ փուլը մեկնարկել էր ապրիլին, բանակցությունները՝ 2024 թվականից։




































