Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին խորհուրդ է տվել զգույշ լինել երկրի հետագա զարգացման ուղին ընտրելիս, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ասել է նա Belta-ին տված հարցազրույցում։
«Հայերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի, Աստված մի արասցե, չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»,- նրա խոսքերը մեջբերել է գործակալությունը։
Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանը վերջերս է դուրս եկել պատերազմից, ուստի, նրա կարծիքով, կարևոր է թույլ չտալ, որ երկիրը հայտնվի նոր, ծանր իրավիճակում։
«Պետք չէ շտապել։ Պետք է պարզապես մտածել, պետք է լինել իմաստուն»,- հավելել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի կարծիքով՝ նախքան Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելը Հայաստանի ժողովուրդը պետք է շատ լրջորեն մտածի։
Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում ՀՀ իշխանությունների՝ ռուսական գազից հրաժարվելու դեպքում Հայաստանի տարածքով հնարավոր նոր գազային տարանցման վերաբերյալ հայտարարություններին։
Նրա խոսքով՝ նման նախագծերն առայժմ գոյություն ունեն միայն հայտարարությունների մակարդակում, իսկ դրանց շուրջ քննարկումները կապված են Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։
«Ասում են՝ մեր տարածքով խողովակներ կանցնեն, գազն էլ շատ կլինի, փողն էլ։ Բայց թե դա երբ կլինի, դեռ հարց է»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանը Հայաստանին բնական գազ է մատակարարում արտոնյալ գնով, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումները պայմանավորված են առաջիկա խորհրդարանական ընտրություններով։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Ավելի ուշ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրեր չունի։
Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։





































