«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 26-ին՝ ասուլիսի ժամանակ մեկնաբանելով իր նկատմամբ իշխանության հնարավոր ճնշումներն ու քրեական հետապնդումներն ասել է, որ դրանք իրեն չեն ստիպի «գնալ կոմպրոմիսի»։
«Ոչ մի կոմպրոմիս չկա, դուք չեք զգո՞ւմ, որ մեր մեջ կոմպրոմիս չի կարող լինել»,- լրագրողներին պատասխանել է Ծառուկյանը։
Հարցին՝ արդյոք Ծառուկյանը պատրա՞ստ է պայքարել մինչև վերջ իր ունեցվածքը չկորցնելու համար, թե՞ ընտրություններից հետո կհայտարարի քաղաքական էջը փակելու մասին և կշարունակի զբաղվել իր բիզնես գործունեությամբ, Ծառուկյանը կրկնել է, որ իշխանության հետ կոմպրոմիսի չի գնալու։
«Ծառուկյանը նմա՞ն է մարդու, որ հանուն իր ունեցվածքի․․․ որ ազգովի խայտառակվեմ, որտեղ մտնեմ՝ ասեն դավաճան, իր ունեցվածքի համար սաղ ժողովրդին վարի տվեց․․․»,- ասել է Ծառուկյանը։
Նա նաև հայտարսրել է, որ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն և ընտանիքին ուղղված վիրավորանքների, ինքը «չի իջնի իր բարձրունքից» ու չի հնչեցնի փոխադարձ վիրավորանքներ վարչապետի, նրա ընտանիքի և երեխաների հասցեին։
«Անկախ նրանից, թե ինքն իրեն ոնց կպահի (Փաշինյանը- AT), կյանքում չի կարող պատահել, որ Ծառուկյանն իր բարձունքից իջնի, իր ընտանիքին, իր բալիկներին, տղաներին, աղջիկներին որևէ բառ ասի։ Նրանք՝ երիտասարդությունը, մեր արժանի փոխարինողներն են, իրենց հաջողություն, իրենց ցավը տանեմ, իրենց ապագան թող փայլուն լինի, Աստված թող իրենց պահապան լինի»,- ասել է Ծառուկյանը։
Ծառուկյանն իր հնարավոր կալանքը նույնացրել է իր անձը հերոսացնելու հետ։
«Եթե ինձ ուզում են ավելի հերոսացնեն, իրանց ցավը տանեմ, ու քանի որ դեռ մի շաբաթ ժամանակ կա, թո՛ղ գան»,- հայտարարել է Ծառուկյանը։
Գլխավոր դատախազությունը գործ էր հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով։ Ծառուկյանի կուսակցությունը Փաշինյանի՝ «Արարարատցեմենտի» վերաբերյալ հայտարարությունները կապել էր Ադրբեջանից ցեմենտի ներմուծման հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






