Գլխավոր դատախազությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո հայտնել է «Բարգավաճ Հայաստան կուսակցության» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ խախտումների մասին։
Գերատեսչությունը հայտնել է, որ ուսումնասիրել է ընկերության մասնավորեցման գործընթացը և ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի հիման վրա մայիսի 5-ին հաղորդում ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
Հաղորդման հիմքով՝ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում հայտնաբերված ենթադրյալ խախտումների հիման վրա մայիսի 7-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում նկատմամբ է վարույթը նախաձեռնվել։
Դատախազության տվյալներով՝ ուսումնասիրվել են 2001-2003 թվականներին «Արարատցեմենտի» մասնավորեցման հանգամանքները։ Մասնավորապես, նշվում է, որ 2001 թվականին մրցույթի հաղթող ճանաչված շվեյցարական ընկերությունը՝ Holcim LTD-ն, հրաժարվել էր «Արարատցեմենտի» ներդրումային ծրագրից և գործարքից։
Նշվում է, որ դրանից հետո՝ 2002-ին, գործարանն ուղղակի վաճառքով փոխանցվել էր «Ռոբերտո» ընկերությանը, իսկ 2003-ին դրա կառավարիչ էր նշանակվել Գագիկ Ծառուկյանը։
Ըստ դատախազության՝ ուսումնասիրման կենտրոնում են հայտնվել «Արարատցեմենտի» բաժնետոմսերի վաճառքի պայմանները։ Մասնավորապես, նշվում է, որ «Ռոբերտո» ընկերությունը, որի հիմնադիրները ՀՀ քաղաքացիներ են, համեմատաբար փոքր կապիտալ ուներ։
Դատախազությունը նաև նշել է, որ «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացն սկսվել էր 2003 թվականին և ավարտվել 2008-ին։ Միաժամանակ՝ գերատեսչությունը կառավարությանն առաջարկել էր քննարկել «Արարատցեմենտի» արձանագրված ենթադրյալ խախտումների հետևանքները վերացնելու քայլերը, այդ թվում՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը։
Մայիսի 20-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտնել էր «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու մասին։ ԱԺ քարոզարշավին մասնակցող Ծառուկյանն, արձագանքելով, նշել էր, որ տեղյակ է իշխանության նպատակների մասին, սակայն ունեցվածքը կորցնելուց չի վախենում։ Նա նշել էր, որ իշխանության քայլը նախընտրական բնույթ ունի, սակայն իրեն ճնշել չի ստացվի։


































