ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ կապ չի տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարարատցեմենտ» ՓԲԸ-ի դեմ հարուցված քրգործի և նախընտրական շրջանի միջև։ Պապոյանն այս հայտարարությունն արել է՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզի Շնող գյուղում քարոզարշավի ընթացքում հնչեցրած՝ գործարանը պետականացնելու մասին հայտարարություններին։
Վարչապետը նշել էր, որ ընկերությունը պետականացնելու գործընթացն արդեն սկսվել է, որից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է գործարանում խախտումների մասին։ Վարչապետի դիտողություններին ի պատասխան՝ Ծառուկյանը հայտարարել է, որ իշխանությունները միայն հիմա՝ կառավարությանը քննադատելու ֆոնին են հիշել գործարանի մասին, որը նա ձեռք էր բերել գրեթե 20 տարի առաջ։ Նա ասել է, որ իրեն զգուշացրել են իր սեփականությանն սպառնացող ռիսկերի մասին, բայց ընդգծել է, որ մտադրություն չունի փոխելու իր դիրքորոշումը։
Պապոյանը բացատրել է, որ իշխանությունների գործողությունները, ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, պայմանավորված են նոր ի հայտ եկած իրավական հիմքերով՝ հավելելով, որ նման մտադրություններ վաղուց կային։
«Հիմա չենք հիշել, հիմա է դատախազությունը գտել, այսինքն՝ իրավական հիմքերը հիմա են ստեղծվել։ Եթե 2018-ին գտնեինք, 2018-ին էինք անելու, 2020-ին՝ 2020-ին»,- նշել է նա։
Նախարարը հավելել է, որ իշխանությունները մտադիր են հետ պահանջել այն ամբողջ գույքը, որը կհամարեն անօրինական։
«Եթե որևէ մեկին թվում է՝ դեռ իր ապօրինի գույքի հետևից չենք գնացել, դա իրեն երաշխավորում է, որ 28 թվին չենք գնալու, սխալվում է, որովհետև բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք, և որևէ կոմպրոմիս չի լինելու»,- եզրափակել է Պապոյանը։
Գլխավոր դատախազությունն արդեն իսկ գործ է հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով։ Ծառուկյանի կուսակցությունը Փաշինյանի՝ «Արարարատցեմենտի» վերաբերյալ հայտարարությունները կապել էր Ադրբեջանից ցեմենտի ներմուծման հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






