ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի օրվա կապակցությամբ իր ուղերձում ընդգծել է, որ ժամանակակից աշխատաշուկան պահանջում է մասնագիտական հմտությունների շարունակական զարգացում և կրթություն։
Ըստ վարչապետի՝ արդի իրողությունները հարկադրում են կրթությանը զուգահեռ կարևորել նաև վերամասնագիտացումը, քանի որ արագ տեմպերով զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկայի կառուցվածքը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 280 000 աշխատատեղ, տնտեսությունն աճել է 53,9%-ով, իսկ բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։
«2017 թվականի համեմատ՝ Հայաստանի տնտեսությունը 53,9%-ով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են»,- նշել է նա։
Փաշինյանը վերահաստատել է տնտեսական զարգացման ուղեգիծը շարունակելու մտադրությունը։ Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հեռանկարներ կբացի ներդրումների, գործարարության, կրթության և տնտեսական հետագա աճի համար։






































