Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի մասնակցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը, հայտնում է «Ազատությունը»՝ հղում անելով պատգամավորի խոսնակ Աննա Մկրտչյանին։
Նշվում է, որ այսօր Աղվերանում կայացած հանդիպմանը ներկա էր միայն Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռան օյլ» ընկերության ներկայացուցիչը:
«Ռան օյլ»-ը Հայաստան ադրբեջանական բենզին ներկրող ընկերություններից մեկն է:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Աղվերանում Մուստաֆաևը հանդիպել է հայ գործարարների հետ։ Աղվերանում տեղի էր ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել էին սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը։
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան էր ժամանել Հայաստան: «Ադրբեջանական ավիաուղիների» J26736 օդանավը, որով ժամանել էին ադրբեջանցի պաշտոնյաները, 18:07 մեկնել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:






































