Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը և վերջ դնել հակամարտությանը՝ միջուկային բանակցությունները հետաձգելով ավելի ուշ փուլի, հայտնել է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ Թեհրանի կողմից ԱՄՆ-ին պակիստանցի միջնորդների միջոցով փոխանցված նոր առաջարկը հիմնականում ուղղված է նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամի և ԱՄՆ շրջափակման լուծմանը։ Այն ենթադրում է, որ միջուկային բանակցությունները կսկսվեն միայն ավելի ուշ փուլում՝ Հորմուզի նեղուցի բացումից և շրջափակման վերացումից հետո։
Պորտալը նշում է, որ Սպիտակ տունն ստացել է առաջարկը, բայց պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ-ն պատրա՞ստ է այն քննարկել։
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ նախորդ շաբաթվա վերջին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հստակեցրել էր պակիստանցի, եգիպտացի, թուրք և կատարցի միջնորդներին, որ Իրանի ղեկավարությունը բաժանված է ԱՄՆ պահանջներին արձագանքելու հարցում։
Միևնույն ժամանակ, Axios-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմի հետ կանցկացնի Իրանի վերաբերյալ ճեպազրույց։ Ըստ աղբյուրների՝ Թրամփի թիմը կքննարկի բանակցություններում առկա փակուղին և հնարավոր հաջորդ քայլերը։
Ապրիլի 26-ին Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նշել էր իր ցանկությունը՝ շարունակել իրանական նավթի արտահանումը դադարեցնող ծովային շրջափակումը՝ հույս ունենալով, որ դա Թեհրանին կստիպի զիջել։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Թրամփը հայտարարել էր Իրանում և Լիբանանում հրադադարի երկարաձգման մասին: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։




































