Երևանում պարեկային ծառայության ներդրման վերջնաժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է, իսկ հանրապետությունում ամբողջական ներդրման համար ժամկետ է սահմանված 2022-ի առաջին եռամսյակը։ Այս մասին Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:
«Ինչո՞ւ Երևանը։ Որովհետև մեծապես կարևոր է, թե երկիրը առաջին փուլով, մեկ կրթական ցիկլով մաքսիմում քանի պարեկային ծառայող կարող է պատրաստել՝ չունենալով կրթության որակի որոշակի կոմպրոմիս»,- նշեց փոխնախարարը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ պարեկապահակակետային ծառայությունը Երևանի մասով շարային ծառայողների թիվը 840 է, Ճանապարհային ոստիկանության առաջին շարային գումարտակը, որը Երևանն է ծածկում 233 է, այսինքն՝ նրանց համատեղ թիվն անցնում է հազարից:
«Նոր պարեկային ծառայության դեպքում Երևանում շարային ստորաբաժանումների թիվը նախատեսում ենք, որ կլինի 700: Այսինք՝ հենց 700 հոգու ենք պատրաստելու՝ չհաշված վարչակարգը»,- ասաց նա:
Գրիգորյանի խոսքով՝ ոստիկանության այն ծառայողները, որոնք չեն անցնի մրցույթը, կամ իրենք չեն ցանկանա անցնել նոր ծառայության, նրանց առաջարկվելու է այլ ծառայություններում աշխատանք:
Գևորգյանը տեղեկացրել է, որ Հայաստանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների փոխարեն նախատեսվող պարեկային ծառայության ներդրման արդյունքում վարչական արձանագրությունների կազման գործընթացները առավելագույնս կավտոմատացվեն, պարեկային ծառայողները կունենան պլանշետներ։
«Լինելու է տեխնիկական հագեցման մաս՝ մասնավորապես էլեկտրոնային գործիքների ներդրմամբ, GPS քարտերի ներդրմամբ, բազաներին որոշակի հասանելիություն ունենալով, նաև տեսախցիկներով: Վարչական իրավախախտումների արձանագրումը տեսախցիկներով հնարավոր է: Եվ ավտոմատացումը կենտրոնական դեր է ունենալու: Արդեն ունենք ծրագիր՝ պարեկային ծառայողներին պլանշետներով հագեցնելու հնարավորություն, որպեսզի նրանք ձեռքով արձանագրություններ չկազմեն: Դա հնարավորություն կտա հասանելիություն ունենալ տարբեր բազաներին և կազմել էլեկտրոնային արձանագրություններ»,-ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ սրանով ժամանակի խնայողություն կարվի։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի` փաթեթի ընդունումը բխում է այս տարվա ապրիլի 23-ին Կառավարության կողմից հաստատված ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից, որը կարճաժամկետ հեռանկարում նախատեսում է Պարեկային ծառայության ստեղծումը: Փոխնախարարի խոսքով` Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու եւ փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին` Պարեկապահակետային ծառայությանը եւ Ճանապարհային ոստիկանությանը: Փաթեթով սահմանվում են Պարեկային ծառայության ստեղծման իրավական հիմքերը, ծառայողների պաշտոնները, նրանց ներկայացվող պահանջները, ծառայության համալրման համար անցկացվող մրցույթը, ինչպես նաեւ ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց կրթությանը վերաբերող դրույթները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







