«Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը։
Ըստ Ղարամյանի՝ հատկապես վտանգավոր են հարևան Վրաստանի առողջապահական համակարգի վերաբերյալ նրա հնչեցրած հայտարարությունները, որը այդ երկրի պաշտոնյաներին ստիպել է կոշտ հակադարձել, կարող է հայ-վրացական հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ:
«2 փակ սահմանի պայմաններում, Վրաստանին ուղղված այս հայտարարությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ից Թորոսյանի հետ անհրաժեշտ զրույց ունեցած կլինեն, սակայն Վրաստանի հետ ունեցած հարաբերությունների բազմաթիվ առանձնահատկություններ հաշվի առնելով, կարծում եմ, որ թեման զուտ զրույցով կամ դիտողությամբ չպետք է սահմանափակել»,-գրել է նա։
Ղարամյանի կարծիքով՝ այս պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն ևս անելիք ունի: «ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում, լրջորեն վնասել մեր համար առանցքային նշանակություն ունեցող երկրի հետ հարաբերությունները՝ իր հետ բերելով նոր սպառնալիքներ (այս մասով դեռևս փակագծերը չեմ բացի)».-ամփոփել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







