Զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում, և Թեհրանն առաջնորդվում է այդ սկզբունքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամիին։
Դեսպանի խոսքով՝ Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստանի վարչապետի քաղաքականությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ երկու երկրները միմյանց կապվում են բնական շահերով։ Նա հույս է հայտնել, որ Շիրլողամիի գործունեության ընթացքում կողմերին կհաջողվի համագործակցությունն է՛լ ավելի խորացնել և ընդլայնել բոլոր ոլորտներում։
Փաշինյանն ու Շիրլողամին քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Իրան փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել համատեղ ծրագրերի ընթացքին։ Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում նրանք կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս։
Դեսպանը հունվարին հայտարարել էր, որ Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն: Շիրղոլամին մեղադրել էր հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։ Փաշինյանն արձագանքել էր, որ ամեն ինչ արել են և կշարունակեն անել բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ: Հաջորդիվ իրանցիներին արգելվել էր հավաք անցկացնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







