Իրանից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր ենք, ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել մեր բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ, լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մեղադրել էր հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։
«Դուք տեղյակ եք, որ 2018-ից այս կողմ Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է, այլ բան, որ մենք, այո՛, կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն Իրանի և որևէ այլ դեսպանատան աշխատանք։ Ուշադիր կհետևենք, այդ թվում՝ մտահոգություններին, կապված այդ իրավիճակի հետ, և մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում, իհարկե, բոլոր միջոցները կապահովենք, կձեռնարկենք, որպեսզի բարեկամական և եղբայրական Իրանի դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա»,- նշել է Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ օրենքի գիծն անցնող մարդկանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարույթներ։
Վարչապետն անդրադարձել է նաև TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») ծրագրի շուրջ Իրանի հնարավոր դժգոհություններին՝ նշելով, որ ծրագրի քննարկումների ընթացքում միջազգային գործընկերների կարծիքներն ու մտահոգությունները հաշվի առնում են, փորձում են հնարավորինս հավասարակշռված լուծումների գնալ։
«Դուք գիտեք, որ Իրանի հարգարժան նախագահն օգոստոսին այց ունեցավ Վաշինգտոնի գագաթաժնողովից 10 օր անց, մենք շատ հանգամանալից, երկար, մանրամասն զրույց ենք ունեցել, և ես կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխանները տվել ենք։ Բայց նաև ասել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում մենք պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագեն»,- մանրամասնել է Փաշինյանը։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի:
Երևանն ու Վաշինգտոնը հունվարի 14-ին հայտնել էին, որ մեկնարկում է TRIPP նախագիծը, որով ԱՄՆ-ն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը:




































