Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայ համայնքի և իր թեմի քահանաների ճնշման ներքո է համաձայնել մասնակցել Ավստրիայում փետրվարի 16-19-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ նրան կանգնեցրել են երկընտրանքի առջև՝ կա՛մ շարունակել հավատարիմ մնալ Մայր Աթոռին, կա՛մ կդադարեցնեն թեմակալ առաջնորդությունը։ Նա, սակայն, չի հրաժարվել եկեղեցու «բարենորոգման» խորհրդին իր մասնակցությունից։
Հովնան արքեպիսկոպոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է: Փաշինյանի կողմը բերելու ուղղությամբ ջանքեր են գործադրել ներկա և նախկին դեսպաններ Նարեկ Մկրտչյանն ու Լիլիթ Մակունցը, նշել է պարբերականը:
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին: Վարչապետին միացած եպիսկոպոսները հունվարի 21-ին կոչ էին արել չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը՝ հրաժարվելով մասնակցել։ Պաշտոնական Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







