Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողություններն ուղղակի ոտնահարում են ՀՀ սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված եկեղեցու իրավունքները, ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ:
Սուրբ Էջմիածինը նման կերպ է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսի՝ հունվարի 4-ի հայտարարությանը, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին: Այս մարմնին վերապահել են բարենորոգման կազմակերպչական գործառույթները:
Ըստ Մայր Աթոռի՝ նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայաց դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։
«Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրենց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից»,- ընդգծել է Սուրբ Էջմիածինը։
Մայր Աթոռը հիշեցրել է, որ Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։ Իսկ նման «անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ ցավալի հետևանքներով», հավելել է պաշտոնական Էջմիածինը:
Երեկ հրապարակված ճանապարհային քարտեզի հինգ կետերով նախատեսվում է բարենորոգման օրակարգի հանրահռչակում, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, սահմանված կարգով կաթողիկոսի ընտրություն: Փաշինյանը կաթողիկոսի հրաժարականն է պահանջում արդեն 7 ամիս:




































