Մենք էլ ենք լավ հայտարարություններ անում Թուրքիայի, Վրաստանի, Իրանի հետ կապված, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն աջակցող հայտարարություններ է անում։
Ֆիդանն ավելի վաղ նշել էր, որ Հայաստանում 2026 թվականի հունիսին անցկացվելու են ընտրություններ, և որ այդ գործընթացը կարևոր փուլ է լինելու․ «Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի»։
«Իսկ հիմա ես ձեզ խնդրում եմ բառացի մեջբերեք, թե որտե՞ղ է մեր հարևան երկրի նախարարն ասում, որ աջակցում է մեր կառավարությանը։ Մարդը բառացի ասում է, որ հանրությունն աջակցում է այն գործընթացին, որը գործող իշխանությունը տանում է առաջ»,- նշել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը պնդել է Ֆիդանի այն միտքը, որ հայ հասարակությունը մեծապես աջակցում է Փաշինյանին, և թուրքական կողմից նման հայտարարությունը պետք է հենց այդ համատեքստում ընկալել։


























