Ոստիկանությունը Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել ուժային կառույցներից մեկում որպես պետ աշխատող փոխգնդապետին ու նրա եղբորը, հայտնել է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մտել է դպրոց, բարձրացել 2-րդ հարկ, մտել 8 «Բ» դասարան ու խաթարել դասապրոցեսը։
Կայքի տեղեկություններով՝ Նուբարաշենի բնակիչ 41-ամյա Մելիք Գ.-ն դպրոցի ներսում 5-10 րոպե գոռգոռացել է ուսուցիչների և աշակերտների վրա, ասելով՝ «դուք էդքան կա՞ք, որ իմ տղային ծեծեք», իսկ երբ ոստիկանները նրան տեղափոխել են, բակում կանգնած 39-ամյա Սերյոժա Գ.-ն ծնողների և աշակերտների ներկայությամբ հնչեցրել է հայհոյանքներ, փորձել է խոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը, ինչից հետո նրան նույնպես ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժին: Ըստ կայքի՝ ձերբակալվածները եղբայրներ են։




































